Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Սպիտակ քաղաքի բնակիչ 63-ամյա տղամարդը և որդին ապօրինի պահում և օգտագործում են թմրամիջոց, նաև տան բակում աճեցնում են կանեփ ու տարբեր անձանց թմրամիջոց են իրացնում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Սպիտակ քաղաքի Երևանյան խճուղում 63-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ՔՈԳՎ Լոռու մարզային վարչություն: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգվածով կաթուցիչ՝ ընդհանուր 3 գրամ քաշով: Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ տան բակում և հողամասում կան կանեփի թփեր և չոր զանգված:
63-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն։ Զննությամբ Սպիտակի Ոփյան փողոցում գտնվող նրա տան բակում և հարակից տարածքում հայտնաբերվել է կանեփի 64 թուփ: Տղամարդը ներկայացրել է նաև 440 գրամ կանեփ տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։ Նա ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: