Foto

Թրամփը կայցելի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների տարելիցի հիշատակի արարողությանը Պենտագոնում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանյա Թրամփը կայցելեն սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների տարելիցի կապակցությամբ Պենտագոնի կենտրոնակայանում կազմակերպված արարողությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է US News-ը։

Մեծ արարողությունը պլանավորվել է Նյու Յորքում,  Մանհեթենում գտնվող սեպտեմբերի 11-ի Ազգային հուշահամալիրում, որը կառուցվել է ահաբեկչության ժամանակ ավերված Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակների վայրում։

Նյու Յորքի միջոցառմանը կմասնակցեն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և նրա կինը՝ Ուշան։

Զոհերի հիշատակը կհարգեն նաև Փենսիլվանիայի նահանգի Շենքսվիլ քաղաքում։ Այնտեղ լռության րոպե կհայտարարվի ի հիշատակ American Airlines ավիաընկերության 93-րդ չվերթի ուղևորների ու անձնակազմի, որոնք դիմադրություն են ցույց տվել ահաբեկիչներին։ Նրանց ինքնաթիռն ընկել է, բոլոր ուղևորները զոհվել են։ 2011 թվականին աղետի վայրում կանգնեցվել է ազգային հուշահամալիր։

2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունները չորս համակարգված ահաբեկչությունների շարք էին, որոնք իրականացվել են մահապարտների կողմից։ Ահաբեկչությունների հետևանքով զոհվել է գրեթե 3000 մարդ։ Ահաբեկչական գործողությունն իրականացրել են «Ալ-Քաիդա» կազմակերպության անդամները։