Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շրջանակում քննարկվում է երկրում հազարավոր օտարերկրյա զորքերի տեղակայումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ուժհորոդում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Ես չեմ խոսի թվի մասին, բայց կարևոր է, որ մենք այս ամենը քննարկում ենք: Այո, դա, միանշանակ, կլինի հազարավոր: Եվ սա փաստ է, բայց դեռ վաղ է խոսել այդ մասին», - Զելենսկու խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը:
Նա նաև ընդգծել է, որ Կիևը Մոսկվայից ազդանշաններ է լսում, որ նրանք արդեն ընդունում են Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությունը:
«Ցավալի է, որ նրանք այս իրողությունն այսքան ուշ են ընդունում», - նշել է նա
Իր հերթին, Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ չնայած Հունգարիայի վետոյին՝ Եվրամիությանը Կիևի անդամակցության բանակցությունները շարունակվում են և պետք է շարունակվեն:
«Պետք չէ սպասել Հունգարիային, որովհետև Ուկրաինայի ապագան ԵՄ-ում է, դա անվիճելի է», - Կոշտայի խոսքերն է մեջբերում «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը:
Եվրոպական խորհրդի ղեկավարը հավելել է, որ այժմ հարկավոր է միաժամանակ երկու բան անել՝ պայքարել հանուն խաղաղության և առաջ շարժվել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության՝ շատ պահանջկոտ բանակցություններում:
Հիշեցնենք, որ Եվրամիությունը չի կարողանում անդամակցության բանակցություններ սկսել Ուկրաինայի հետ միայն Հունգարիայի դիրքորոշման պատճառով. Բուդապեշտը վետո է դրել բանակցությունների մեկնարկի վրա։
Միևնույն ժամանակ, Լիտվան վերջերս առաջարկել է անդամակցության բանակցություններ սկսելու ծրագիր՝ առանց Հունգարիայի համաձայնության։ Վիլնյուսի գաղափարի համաձայն՝ բանակցությունների տեխնիկական մեկնարկը կարող է իրականացվել դաշինքի 26 անդամ պետությունների մակարդակով