Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հպարտ է աջակցել Կոսովոյում Հայաստանի ներգրավվածությանը, որը համահունչ է դաշինքներն ամրապնդելու, ՆԱՏՕ-Բալկաններ հանձառությունների առաջմղման և կովկասյան տարածաշրջանում Հայաստանի հետ ամուր անվտանգային գործընկերության նոր թափ հաղորդելու ընդհանուր նպատակներին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն այս մասին հաղորդագրություն է տարածել։
«ԱՄՆ ռազմական կցորդ գնդապետ Քրոուն բարի երթ մաղթեց Կոսովոյում ՆԱՏՕ-ի առաքելության կազմում ծառայության պատրաստվող ՀՀ խաղաղապահ բրիգադի նոր հերթափոխի զինծառայողներին։
2004թ․ սկսած՝ Հայաստանը մշտապես ներկայացված է եղել ՆԱՏՕ-ի Կոսովոյի ուժերի կազմում՝ ի ցույց դնելով տարածաշրջանային խաղաղության ու կայունության հարցում իր հանձնառությունը։ Հայաստանը շարունակում է մնալ Կոսովոյի ուժերում առավել մեծ ներկայացվածություն ունեցող ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկիրը՝ գերազանցելով մի քանի ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ երկրների։ Այս կայուն մոտեցումն ընդգծում է Հայաստանի՝ որպես հուսալի գործընկերոջ դերակատարումը տարածաշրջանային անվտանգային գործողություններում և վերջինիս Դաշնային ուժերի հետ կողք-կողքի աշխատելու պատրաստակամությունը։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հպարտ է աջակցել Կոսովոյում Հայաստանի ներգրավվածությանը, որը համահունչ է դաշինքներն ամրապնդելու, ՆԱՏՕ-Բալկաններ հանձառությունների առաջմղման և կովկասյան տարածաշրջանում Հայաստանի հետ ամուր անվտանգային գործընկերության նոր թափ հաղորդելու մեր ընդհանուր նպատակներին»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ զինված ուժերի խաղաղապահների նոր զորախումբն արդեն ստանձնել է առաքելությունը։
Պրիշտինայում ՀՀ դրոշը զորախմբի հրամանատարին է փոխանցել ՆԱՏՕ-ի KFOR առաքելության հրամանատարի տեղակալը։