Հնդկաստանի Ջամմու շրջանում ջրհեղեղների և սողանքների հետևանքով առնվազն 34 մարդ է զոհվել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ABC News-ը։
Օգոստոսի 26-ի ուշ երեկոյան Կատրա շրջանում տեղացած ուժգին անձրևներից հետո Ջամմուի լեռան մի հատված փլուզվել է և հայտնվել հինդուիստական ուխտագնացության հայտնի երթուղու վրա։
Աղետների կառավարման պաշտոնյա Մոհամմեդ Իրշադի խոսքով՝ ուխտագնացության զոհերի մեծ մասի մարմինները դուրս են բերվել քարերի և ժայռաբեկորների տակից։ Նա նաև հավելել է, որ առնվազն 18 մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոցներ։
Իրշադը նաև նշել է, որ փրկարարական խմբերը որոնողական աշխատանքներ են իրականացրել Հիմալայան տարածաշրջանում՝ անհետ կորած մարդկանց գտնելու նպատակով՝ հավելելով, որ դեպի սրբավայր ուխտագնացությունը դադարեցվել է։