Գերմանիայի կառավարությունն ընդունել է երկրում զինվորական ծառայության նոր մոդելի մասին օրինագիծ։ Այս մասին հաղորդում է DPA գործակալությունը։
Օրինագծով առաջարկվում է Գերմանիայում ստեղծել կամավորական ծառայություն՝ շվեդական մոդելի հիման վրա։ Շվեդիայում բոլոր դպրոցն ավարտածները անցնում են բժշկական զննում, սակայն նրանցից միայն մի մասն է ուղարկվում ակտիվ ծառայության։ Փաստաթուղթը ներառում է նաև պարտադիր պահանջներ, ինչպիսիք են՝ զորակոչիկների վերաքննությունը և 18-25 տարեկան տղամարդկանց համար ծառայության պատրաստության դիմումի լրացումը։ Կանայք կարող են կամավորագրվել ծառայության։
Իշխանությունները ցանկանում են զինվորական ծառայությունն ավելի գրավիչ դարձնել։ Նրանք նախատեսում են բարձրացնել աշխատավարձերը, վճարել նորակոչիկների որոշակի ծառայությունների համար, ինչպիսիք են վարորդական իրավունքի ստացումը, ընդլայնել մասնագիտական աճի և առաջադեմ վերապատրաստման հնարավորությունները, ինչպես նաև հեշտացնել լեզվի դասընթացների և մարզական կառույցների հասանելիությունը։ Նրանք, ովքեր որոշեն շարունակել ծառայությունը, իրավունք կունենան լրացուցիչ վճարների։
Օրինագծով նաև սահմանվում են այն պայմանները, որոնց դեպքում կարող է վերադարձվել համընդհանուր զինվորական ծառայությունը։ Սա հնարավոր է անվտանգության վատթարացման կամ երկիրը պաշտպանելու և ՆԱՏՕ-ում առաջադրանքներ կատարելու համար կամավորների պակասի դեպքում։