Բերմուդյան եռանկյան տարածքում բոլոր նավերի խորտակման պատճառը առանձնահատուկ «մարդասպան ալիքներն» են: Այդ եզրակացության է եկել Սաութհեմփթոնի համալսարանի օվկիանոսագետ Սայմոն Բոկսալը:
Գիտնականը նշում է, որ Բերմուդյան եռանկյան հարավում և հյուսիսում լինում են փոթորիկներ, որոնք երբեմն միանում են իրար: Իսկ եթե դրանք ուժեղանում են նաև Ֆլորիդայից փչող փոթորիկներով, ապա կարող են առաջանալ մահաբեր ալիքներ:
Հաճախ այդ ալիքների բարձրությունը հասնում է 30 մետրի, որոնք 2-3 րոպեում կարող են խորտակել նույնիսկ հսկա նավերը: «Որքան մեծ է նավը, այնքան մեծ վնասվածքներ է ստանում»,- մանրամասնել է Բոկսելը:
Գիտնականը նշում է, որ «մահաբեր ալիքը» կարող է այնքան հզոր լինել, որ նավին քարուքանդ է անում: Հենց դրանով է բացատրվում, որ շատ դեպքերում ծովայինները չեն հասցնում աղետի ազդանշան ուղարկել: