Foto

Աներաշխիք խաղաղություն են վաճառում․ ովքե՞ր են գնորդները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր վերջին հարցազրույցում ընդգծում է, որ Հայաստանի տարածքով անցնող «Զանգեզուրի միջանցքը» անհրաժեշտ է ոչ միայն Ադրբեջանի տնտեսական շահերը ապահովելու համար, այլև տարածաշրջանային տրանսպորտային ու ռազմավարական կապերն ամրապնդելու համար։
Ալիևը խոսում է տրանզիտային վճարների մասին՝ նշելով, որ Հայաստանը կարող է բեռների փոխադրմամբ եկամուտ ստանալ։ Միևնույն ժամանակ, նա շեշտում է, որ Ադրբեջանն ունի փորձ ու կարողություն՝ կառուցել միջանցքը շատ կարճ ժամանակահատվածում, և հեգնանքով արձանագրում է, որ Հայաստանին մի քանի տարի է անհրաժեշտ նույն գործընթացի համար։
Ալիևը միջանցքը ներկայացնում է որպես տարածաշրջանային ազդեցության գործիք՝ փորձելով մտցնել միջազգային դերակատարների ներգրավվածությունը, որպեսզի Հայաստանից անկախ ապահովվի անվտանգությունը և միջանցքի բացումը։ Ադրբեջանն այսպիսով ձգտում է ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային քաղաքական լեգիտիմություն ձեռք բերել՝ իր նախաձեռնությունների համար։
Բացի Ադրբեջանի և մյուս երկրների հարմարավետությունները, պետք է դիտարկել, թե ի՞նչ է տալու այն Հայաստանին՝ գո՞ւցե սուվերենության զիջման դիմաց որոշակի գումար, որպես տրանզիտ։ Բայց այստեղ չկա երաշխիք, թե ինչքան ժամանակ գերտերությունները պատրաստ կլինեն վճարել Հայաստանին։ Ինչպե՞ս է լուծվելու ՀՀ բնակիչների անվտանգության հարցը այդ տարածքնեում։ Արդյո՞ք  մի երկրի ղեկավար, որ հայտարարում էր, թե ադրբեջանցին այդ ճանապարհին հայ սահմապաի պետք է չհանդիպի՝ կհամաձայնի բեռների և անձանց ստուգմանը։ «Զանգեզուրի միջանցքի» բացումը Հայաստանի համար ենթադրում է անվտանգության նոր մարտահրավերներ, հատկապես Սյունիքի և հարակից շրջանների նկատմամբ վերահսկողության տեսանկյունից։ Արդյո՞ք այդ ճանապարհը դիտարկման տակ չի պահի Սյունիքի մարտական հենակետերը: Իսկ խնդիրների դեպքում ո՞վ է լինելու ՀՀ անվտանգության երաշխավորը՝ նախաստորագրված փաստաթղթում այդ մասին ակնարկ նույնիսկ չկա։ Իսկ վարչապետը, օրերս դիվանագետների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց, որ պարզապես պետք է վստահել Ադրբեջանին։

Միջանցքի բացումը կարող է փոփոխել տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը, մասնավորապես Ռուսաստանի դերի նվազեցումը ո՛չ Հայաստանի, ոչ՛ Ադրբեջանի համար դրական ազդեցություն չի թողնելու։ Եթե հաշվի չառնվեն բոլոր կողմերի շահերն ու անվտանգության երաշխիքները, ապա խաղաղության մասին կարելի է մոռանալ։ Եթե մի բան թշնամի երկրների երազանքն է, արդյո՞ք այն կարող է բխել ՀՀ շահերից։ ՀՀ իշխանությունն այս հարցի պատասխանը տալիս է «աներաշխիք խաղաղութույն» ձևակերպմամբ, իսկ ՀՀ բնակչությունն իրապե՞ս դա է ցանկանում։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան