ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության վիրաբուժության բաժանմունքի վարիչ Ա. Ն.-ն իր մասնագիտական պարտականությունը կատարելու համար մի շարք, այդ թվում՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեցող քաղաքացիներից պահանջել և ստացել է տարբեր չափերով ապօրինի վարձատրություն։
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայրը, որպես երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ, ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ունենալով պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք, վիրահատության համար դիմել է նշված ԲԿ վիրաբուժության բաժանմունքի վարիչին: Վերջինս, սակայն, ապօրինաբար պահանջել է 270.000 ՀՀ դրամ՝ որպես հիմնավորում ներկայացնելով վիրահատության ժամանակ իրեն պատկանող գործիքի օգտագործումը, մինչդեռ իրականում դրա արժեքը ենթակա է եղել փոխհատուցման պետական պատվերի շրջանակներում: Ա. Ն.-ն, սակայն, իրեն դիմած կնոջ վիրահատության ընթացքում կիրառել է տևական ժամանակ օգտագործված լինելու հետքեր պարունակող «Լիգաշուր» տեսակի գործիք այն դեպքում, երբ դրա բաղկացուցիչ՝ կտրող-կարող մասը նախատեսված է մեկանգամյա օգտագործման համար: Վիրահատությունից հետո Ա. Ն.-ն կնոջ որդուց ստացել է ապօրինաբար պահանջված 270.000 ՀՀ դրամ գումարը:
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ նշված վիրաբույժը իր մասնագիտական պարտականությունները կատարելու համար իրեն դիմած՝ Գյումրու մի շարք այլ բնակիչներից նույնպես որպես ապօրինի վարձատրություն պահանջել և ստացել է տարբեր՝ մինչև 250.000 ՀՀ դրամի չափով գումարներ՝ դարձյալ որպես հիմնավորում վկայակոչելով այդ թվում՝ վերը նշված գործիքի կիրառումը։ Ընդ որում՝ վիրաբույժին դիմած անձանց մի մասը ունեցել են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք:
Մի շարք անձանցից ապօրինի վարձատրություն ստանալու համար Ա. Ն.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Քրեական վարույթներով նախաքննություններն ավարտվել են, և վարույթների նյութերը մեղադրական եզրակացություններով ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: