Եվրոպական Միության որոշ բնական պաշարներ, ինքնաթիռներ և ջեներիկ դեղամիջոցներ սեպտեմբերի 1-ից չեն ենթարկվի ԱՄՆ-ի 15 տոկոսանոց մաքսատուրքերի, ասվում է ԵՄ-ի և Միացյալ Նահանգների համատեղ հայտարարության մեջ՝ «Փոխադարձ, արդար և հավասարակշռված առևտրի» մասին շրջանակային համաձայնագրի հրապարակման կապակցությամբ։
«Սկսած 2025 թվականի սեպտեմբերի 1-ից՝ ԱՄՆ-ը պարտավորվում է կիրառել միայն առևտրում առավել բարենպաստ վերաբերմունքի ռեժիմի մաքսատուրքերը ԵՄ հետևյալ ապրանքների նկատմամբ՝ չվերականգնվող բնական ռեսուրսներ, ամբողջական ինքնաթիռներ և ավիացիոն պահեստամասեր, չարտոնագրված դեղագործական պատրաստուկներ և դրանց բաղադրիչներ, ինչպես նաև քիմիական պրեկուրսորներ»,- ասվում է փաստաթղթում։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 27-ին առևտրային գործարքի են հասել, ըստ որի՝ ԵՄ-ից Միացյալ Նահանգներ արտահանման համար այժմ կկիրառվեն 15% մաքսատուրքեր։ Բացի այդ, Եվրամիությունը պարտավորվել է Միացյալ Նահանգներից գնել հեղուկ բնական գազ, միջուկային վառելիք և զենք։ Գործարքը չի ներառում պողպատի և ալյումինի նկատմամբ ԱՄՆ-ի 50% մաքսատուրքերի չեղարկումը, սակայն դրանք կարող են նվազեցվել հետագա բանակցությունների արդյունքում։ Մասնավորապես, պայմանավորվածության շրջանակներում Եվրամիությունը պարտավորվել է Վաշինգտոնից գնել 750 միլիարդ դոլարի էներգակիրներ՝ տարեկան 250 միլիարդ դոլար՝ մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը, ինչպես նաև Ամերիկայում ներդնել ևս 600 միլիարդ դոլար։