ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի երկու դատավորի և երկու դատախազի նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը:
Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Ֆրանսիայից Նիկոլաս Յան Գիլյուի, Ֆիջիից Նազհատ Շամիմ Խանի, Սենեգալից Մամե Մանդիայե Նիանգի և Կանադայից Քիմբերլի Պրոստի նկատմամբ։
Միջազգային քրեական դատարանի դատավորներն անցյալ տարվա նոյեմբերին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյաուի, Իսրայելի նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իբրահիմ ալ-Մասրիի ձերբակալման որոշումներ էին կայացրել՝ Գազայի հակամարտության ընթացքում ռազմական և մարդկության դեմ հանցագործությունների ենթադրյալ մեղադրանքներով։
Գիլյուն Միջազգային քրեական դատարանի դատավոր է, որը նախագահել է Նեթանյաուի ձերբակալման որոշումը կայացրած նախաքննական հանձնաժողովը։ Խանը և Նիանգը դատարանի երկու փոխդատախազներն են։
Այս որոշումը հաջորդում է 3 ամիս առաջ Թրամփի վարչակազմի կողմից Միջազգային քրեական դատարանի 4 դատավորների նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը՝ այն պնդմամբ, թե նրանք մասնակցել են Միջազգային քրեական դատարանի գործողություններին, որոնք ուղղված են եղել ԱՄՆ-ի և իրենց մերձավոր դաշնակից Իսրայելի դեմ: