Գազայի վրա Իսրայելի ռազմական հարձակումը կարող է միայն աղետի հանգեցնել երկու ժողովրդի համար, գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X սոցիալական ցանցում։
Մակրոնը պատմել է Հորդանանի թագավոր Աբդուլլահ II-ի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ էլ-Սիսիի հետ իր զրույցի մասին։
«Մենք նույն համոզմունքներն ունենք. Իսրայելի կողմից Գազայում նախապատրաստվող ռազմական հարձակումը կարող է միայն աղետի հանգեցնել երկու ժողովուրդի համար և ամբողջ տարածաշրջանը ներքաշել մշտական պատերազմի շրջափուլի մեջ։ Մենք կարծում ենք, որ այս հակամարտությանը կարող է վերջ դնել միայն հետևյալ գործողությունների ընթացքը.
→Գազայում մշտական հրադադարի հաստատում,
→բոլոր պատանդների ազատ արձակում,
→Գազայի ժողովրդին մարդասիրական օգնության լայնածավալ մատակարարում,
→ՀԱՄԱՍ-ի զինաթափում և Պաղեստինի ինքնավարության ամրապնդում Գազայում։
Դրան հասնելու համար մենք պետք է Եգիպտոսի, Հորդանանի և մեր բոլոր տարածաշրջանային և միջազգային գործընկերների հետ միասին.
→Գազայում միջազգային կայունացման առաքելություն տեղակայենք,
→աշխատենք գտնել քաղաքական լուծում, որը կբավարարի երկու ժողովուրդի՝ իսրայելցիների և պաղեստինցիների ձգտումները:
Ըստ Մակրոնի՝ Ֆրանսիան, Սաուդյան Արաբիայի հետ միասին, այս սեպտեմբերին Նյու Յորքում երկու պետությունների գոյության հիման վրա կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ համաժողովում համանախագահելու է՝ այս ուղին առաջ մղելու համար։
«Սա առաջ շարժվելու միակ հուսալի ճանապարհն է՝ պատանդների ընտանիքների, իսրայելցիների և պաղեստինցիների համար։ Ո՛չ պատերազմին։ Այո՛ խաղաղությանը և անվտանգությանը բոլորի համար»,- եզրափակել է Ֆրանսիայի նախագահը։