Foto

Իսրայելը հաստատել է Արևմտյան ափին 3400 բնակավայրերի կառուցման ծրագիրը

Երուսաղեմի և Արևմտյան ափի Մաալե Ադումիմ բնակավայրի միջև մոտ 3400 բնակարանային միավոր կառուցելու խիստ վիճահարույց E1 նախագիծը վերջնականապես հաստատվել է Իսրայելի պաշտպանության նախարարության Քաղաքացիական կառավարման բարձրագույն պլանավորման կոմիտեի կողմից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Times of Israel-ը։

Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը որոշումն անվանել է «պատմական» և նշել, որ դա «նշանակալի քայլ է, որը գործնականում վերացնում է երկու պետությունների մասին պատրանքը և ամրապնդում հրեա ժողովրդի ազդեցությունը Իսրայելի սրտում»։

Սմոտրիչը նախորդ շաբաթ իր համաձայնությունն էր տվել ծրագրին։

Արևմտյան ափին Իսրայելի կողմից բնակավայրեր կառուցելու E1 նախագիծը դիտարկվում է որպես լուրջ սպառնալիք պաղեստինյան տարածքային ամբողջականության և, հետևաբար, պաղեստինյան պետության կենսունակության համար, քանի որ այն փաստացի կբաժանի Արևմտյան ափի հյուսիսը հարավից, ինչպես նաև Արևմտյան ափն Արևելյան Երուսաղեմից։

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Իսրայելի E1 բնակավայրերի նախագծի կտրուկ մերժման մասին՝ նշելով, որ դա համարում է միջազգային իրավունքի խախտում։

Իր հերթին Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի որոշումը՝ նշելով, որ E1 նախագծի հաստատումը պահանջում է Պաղեստինի Պետության անհապաղ ճանաչում:

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել էր Գազա քաղաքը գրավելու ծրագիրը։ Իսրայելը սկսել է պահեստազորայինների զորակոչը։