Այսքան թափանցիկ ֆեյսբուքյան արդարադատություն քաղաքական բաղադրիչով երբևէ նման երկրորդ դեպք չի եղել։ Այս մասին քիչ առաջ Հակակոռուպցիոն դատարանի բակում ասաց Սամվել Կարապետյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով, քննիչը ներկայացրել է միջնորդությունը, պաշտպանական կողմը շուրջ 2 ժամ հարցեր է տվել քննիչին։
«Երբ գործ ունես իրավական աբսուրդի հետ, բախվում ես մի անհասկանալի իրականության։ Այսօրվա միջնորդությունը որեւէ առնչություն չունի Սամվել Կարապետյանի հետ, քննիչը դատարան է եկել ոչ մի հիմքով։ Սամվել Կարապետյանի խոսքի մեջ հանցակազմ չկա»,– ասաց փաստաբանը։
Արամ Վարդեւանյանը չբացառեց, որ որպես ծայրահեղ միջոց կարող են դիտարկել այլընտրանքային խափանման միջոցի միջնորդություն ներկայացնելը, այդ թվում տնային կալանքի. «Եթե Քըրք Քըրքորյանը ողջ լիներ՝ իր նկատմամբ էլ էին փողերի լվացման մի քրեական վարույթ նախաձեռնել»։
Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին, երկու ամսյա ժամկետով: Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ անելու համար։ Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում, պաշտպանական խումբը պնդում է, որ նրան առաջադրված մեղադրանքը անհիմն է: