«Կրկեսի բացումը տեղի կունենա մեր անկախության տոնին ընդառաջ կամ կամ մինչև սեպտեմբերի 25-ը»։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։
«Բացման ամսաթիվը քաղաքապետարանի հետ համաձայնեցվել էր վաղուց, նախքան իշխանությունների կողմից Սամվել Կարապետյանի հետապնդումը։ Առաջին ներկայացմանը հրավիրվել է «Cirque du Soleil» թատերախումբը, ինչպես նաև ներկայացման ստեղծողների թիմը»,–հավելեց Կարապետյանը։
Նարեկ Կարապետյանը նշեց, որ Կրկեսի բացման արարողությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի։
Նշենք, որ ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունը։ Դատարանի բակում հավաքվել են Սամվել Կարապետյանի աջակիցները։
Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին, երկու ամսյա ժամկետով: Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ անելու համար։ Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում, պաշտպանական խումբը պնդում է, որ նրան առաջադրված մեղադրանքը անհիմն է: