Այսօր Հայաստանում մենք պատմության ականատեսն ենք։ Կառավարությունը, շեղելով իր սխալներից, շեղելով իր ձախողումներից, հարձակվում է եկեղեցու, Հիսուս Քրիստոսի և այս անմեղ մարդու վրա։ Այսօր ամոթալի օր է Հայաստանի համար։ Օգոստոսի 14-ին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է հայտնի փաստաբան և միջազգային մարդու իրավունքների պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։
«Սա 21-րդ դարը դիմավորելու ձև չէ, սա արհեստական բանականության դարաշրջանը դիմավորելու ձև չէ։ Սա վերադարձ է Ստալինին, սա վերադարձ է ցուցադրական դատավարություններին։ Ես այն մարդն եմ, որն ավելի շատ ցուցադրական դատավարություններ է տեսել, քան ձեզանից որևէ մեկը։ Սա ցուցադրական դատավարություն է», - ասել է փաստաբանը։
Նա պատասխանել է նաև այն հարցին, թե երբ է գործարար Սամվել Կարապետյանը ազատ արձակվելու կալանքից։
«Տեսեք, կախված է նրանից, թե որքան հուսահատորեն է կառավարությունը փորձում շեղել կալանքը իր գործողություններից։ Ամբողջ իմաստը ուշադրությունը շեղելն է։ Սա կապ չունի պարոն Կարապետյանի վարքագծի հետ։ Սա ամբողջովին կապված է այս կառավարության քաղաքական կարիքների հետ։ Դա ճգնաժամի հրահրումն է եկեղեցում, ճգնաժամի հրահրումն է պարոն Կարապետյանի հետ։ Ինչո՞ւ հարձակվել Հայաստանի եկեղեցու վրա։ Ի՞նչ հիմքով են հարձակվում Հիսուս Քրիստոսի զավակները մի երկրում, որտեղ 93%-ը եկեղեցու հետևորդներ են»,- ընդգծել է Ամստերդամը։
Նա հայտնել է, որ նախ կսպասի դատարանի որոշման հրապարակմանը այսօր երեկոյան, ապա կկազմվեն ծրագրեր, թե ինչ կարելի է անել ինչպես Հայաստանում, այնպես էլ, իհարկե, արտերկրում։
«Պարոն Կարապետյանը Հայաստանում ունի հիանալի փաստաբաններ։ Ես բազմիցս հանդիպել եմ նրանց հետ։ Նրանք հիանալի մարդկանց խումբ են։ Ես լիովին վստահում եմ նրանց, ինչպես նաև Կարապետյանների ընտանիքը։ Եվ ինձ համար պատիվ կլինի նրանց հետ աշխատել միջազգային հարցերով։ Հուսով եմ՝ հաջորդ նիստում կկարողանամ միանալ իրավաբանական թիմին»,- ասել է նա։