Սերբիայի մի քանի քաղաքներում զանգվածային բախումներ են տեղի ունեցել ընդդիմադիր ցուցարարների, նախագահ Վուչիչի կողմնակիցների և ոստիկանության միջև։ Իշխանությունները հայտնում են, որ երեք կողմերից էլ տասնյակ մարդիկ վիրավորվել են։
Չորեքշաբթի օրը մայրաքաղաք Բելգրադում, Սերբիայի հյուսիսում գտնվող Նովի Սադում, հարավում գտնվող Նիշում, երկրի կենտրոնում գտնվող Կրագուևացում և մի շարք այլ քաղաքներում տեղի են ունեցել նախագահ Ալեքսանդր Վուչիչի հակառակորդների և նրա «Սերբական առաջադեմ կուսակցության» անդամների ու ոստիկանության միջև բախումներ։
Մասնակիցները միմյանց վրա ճայթռուկներ, քարեր և տարբեր առարկաներ են նետել, սկսել են կռիվներ, իսկ ոստիկանությունը փորձել է բաժանել նրանց։
Նախագահ Վուչիչը չորեքշաբթի երեկոյան հայտարարեց, որ Նովի Սադում իր 64 կողմնակիցներ վիրավորվել են և խոստացավ, որ «ավազակների և խուլիգանների» նկատմամբ ողորմություն չի լինի։ Վուչիչը անձամբ դուրս եկավ փողոց՝ տեսնելու Բելգրադում գտնվող կուսակցության գլխավոր գրասենյակի դիմաց հավաքված իր կուսակցության անդամներին։
Սերբական ընդդիմությունը, ուսանողական կազմակերպությունների գլխավորությամբ, ինը ամիս է, ինչ բողոքի ցույցեր է անցկացնում։ Դրանք սկսվել են նոյեմբերի 1-ին Նովի Սադի երկաթուղային կայարանում բետոնե ծածկի փլուզումից հետո, որի հետևանքով զոհվել է 16 մարդ։ Ցուցարարները պահանջում են պատժել այս ողբերգության համար պատասխանատուներին, խստացնել կոռուպցիայի դեմ պայքարը և նշանակել արտահերթ ընտրություններ։
Մինչ այժմ նրանք հասել են վարչապետի հրաժարականին, բայց նախագահ Վուչիչը հրաժարական տալու մտադրություն չունի։