Foto

Վրաստանի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 14 կուսակցություն

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը 14 կուսակցության իրավունք է տվել մասնակցել 2025 թվականի հոկտեմբերի 4-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ հղում կատարելով Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած տվյալներին։

Վրաստանում կայանալիք ՏԻՄ ընտրությունների համար ընտրարշավը մեկնարկել է օգոստոսի 5-ին։

Նշենք, որ Վրաստանում իշխող  «Վրացական երազանք» կուսակցությունն արդեն հայտարարել է, որ մայրաքաղաք Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու է գործող քաղաքապետ Կախա Կալաձեն։

Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, 17 կուսակցություն ԿԸՀ է ներկայացրել ընտրություններին մասնակցելու իրավունքի համար դիմումներ, սակայն դրանցից երեքին մերժվել է գրանցումը՝ օրենքով սահմանված պահանջները չպահպանելու պատճառով։ 

Հաղորդվում է, որ 2025 թվականի հոկտեմբերի 4-ի ընտրություններին մասնակցելու են «Պահպանողականներ Վրաստանի համար», «Հայրենիք, լեզու, հավատք», «Ժողովրդի իշխանություն», «Հզոր Վրաստան-Լելո», «Գախարիան Վրաստանի համար», «Վրացական երազանք», «Գիրչի», «Վրաստան», «Ձախ դաշինք», «Վրաստանի հայրենասերների դաշինք», «Վրացական միասնություն», «Կանաչների կուսակցություն», «Մեր միասնական Վրաստանը» և «Ազատ Վրաստան» կուսակցությունները: