Foto

Թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդիկ կալանավորվել են

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն օգոստոսի 6-ին իրացրել են ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած հերթական օպերատիվ տեղեկությունը:

Ինչպես  տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից, մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում նրանք ձերբակալել են Երևանի բնակիչ 39-ամյա և Աշտարակի բնակիչ 41-ամյա երկու տղամարդու և վերջինիս վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխել Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին:

Աշտարակցու խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 11 գրամ մեթամֆետամինով 10 փաթեթ, իսկ Երևանցու խուզարկությամբ` ընդհանուր 10 գրամից ավելի «Սփայս-շոկո» տեսակի թմրանյութով 10 փաթեթ և դարչնագույն զանգածով գլանակ:

Երկուսն էլ ներկայացվել են Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:
Քրեական վարույթի շրջանակում իրականացված գործողությունների արդյունքում Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի շքամուտքում հայտնաբերվել է նրանց տեղադրած մեկ փաթեթ` սփայսով, իսկ Մանանդյան փողոցի մի շենքի շքամուտքում` մեթամֆետամին:

Օգոստոսի 7-ին, դատարանի որոշմամբ խուզարկվել է նաև աշտարակցու վարած «Օպելը»: Հայտնաբերվել է 91 փաթեթ «Սփայս»` ընդհանուր ավելի քան 104 գրամ և կպչուն ժապավենով 17 փաթեթ` ընդհանուր մոտ 16 գրամ քաշերով մեթամֆետամին:
Օգոստոսի 12-ին խուզարկություն է կատարվել նաև աշտարակցու տանը: Հայտնաբերվել է կանեփի 77 թուփ:

39-ամյա երևանցին և 41-ամյա աշտարակցին կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: