Foto

Գազայում իսրայելական հարվածներից զոհվել է ևս 60 պաղեստինցի

Գազայի հատվածի տարբեր շրջաններում իսրայելական հարձակումների հետևանքով, ըստ անկլավի բժշկական աղբյուրների, օգոստոսի 13-ի լուսաբացից ի վեր զոհվել է 60 պաղեստինցի, որոնցից 33-ը՝ Գազա քաղաքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Գազայի առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է 123 մարդու մահ, 437 մարդ վիրավորվել է։

Իսրայելի կողմից շարունակվող շրջափակման պայմաններում սովի և թերսնուցման պատճառով վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է ևս 8 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։ Այսպիսով, սովի և թերսնուցման հետևանքով մահացածների թիվն անկլավում հասել է 235-ի, որոնցից 106-ը երեխաներ են։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ «կշարունակի ուղղորդել Իսրայելի պաշտպանության բանակին տարբեր ճակատներում ուժերի տեղակայման հարցում՝ համաձայն հստակ հարձակողական քաղաքականության»։

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը Կահիրեում բանակցություններ Է սկսել Գազայի հատվածի վրա հարձակման դադարեցման և հումանիտար օգնություն տրամադրելու վերաբերյալ։

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 61 722-ի, վիրավորվել է 154 525 մարդ։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ պահվում է 50 պատանդ, որոնցից 20-ը, հնարավոր է, ողջ են։