Ըստ պաշտոնական տվյալների՝ 2018 թվականից ի վեր Երևանում արդեն կառուցվել է 154 բազմաբնակարան շենք, իսկ 341-ը դեռ կառուցման փուլում են։ Այսինքն՝ մայրաքաղաքում սպասվում է ընդհանուր 495 նորակառույց շենք, սակայն դպրոց և մանկապարտեզ նախատեսված է միայն Դեֆենս Հաուզինգ թաղամասում։ Այս մասին գրել է ակտիվիստ Արթուր Չախոյանը:
«Այս փաստի առթիվ հարց եմ ուղղում գիտակից հանրությանը․
Կարո՞ղ է որևէ մեկը նշել՝ Երևանում որ կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան շենքերն են համապատասխանում Տիգրան Ավինյանի կողմից 2023 թվականին հնչեցված չափորոշիչներին, մասնավորապես՝
Սեյսմիկ անվտանգության տեսանկյունից - արդյոք ապահովվա՞ծ է սեյսմակայունության բավարար մակարդակ,
Կոմունալ ենթակառուցվածքների հասանելիություն - ջրամատակարարում, կոյուղի, էլ. էներգիա և այլ համակարգեր,
Ճանապարհային ենթակառուցվածքներ և տրանսպորտային մատչելիություն - արդյոք նախատեսվա՞ծ են բավարար ճանապարհներ, երթուղիներ և կայանատեղեր,
Կրթական հաստատությունների առկայություն և հասանելիություն
Եթե արդեն այսօր՝ բնակչության ներկա ծավալով, Երևանում բազմաթիվ դպրոցներում և մանկապարտեզներում երեխաների հերթագրումը ձգվում է ամիսներով, իսկ ծնողները կանգնած են նրանց տեղավորելու լուրջ խնդրի առաջ, ապա ինչպե՞ս է ենթադրվում, որ այդ նույն համակարգը կարող է սպասարկել այդքան նոր շենքերի բնակիչների երեխաներին։
Բոլորն էլ շատ լավ գիտակցում են, թե ինչպիսի միլիոնավոր դոլարների կաշառք է վճարվում շենք կառուցելու շինթույլտվություն ստանալու համար՝ ժողովրդի կյանքի և չկրթվող սերնդի հաշվին»,- գրել է նա: