Foto

Ադրբեջանը տարեկան 1.2 միլիարդ խորանարդ մետր գազ կարտահանի Սիրիա

Ադրբեջանը տարեկան 1,2 միլիարդ խորանարդ մետր գազ կմատակարարի Սիրիային՝ Շահ-Դենիզ գազի հանքավայրից, որի մշակմամբ զբաղվում է BP ընկերությունը։ Այս մասին շաբաթ օրը Reuters գործակալությանը հայտնել է Ադրբեջանի պետական էներգետիկ SOCAR ընկերության բարձրաստիճան ներկայացուցիչը։

SOCAR-ի փոխնախագահ Էլշադ Նասիրովը ելույթ է ունեցել Թուրքիայի հարավում՝ Սիրիայի սահմանի մոտ, Թուրքիայից և Ադրբեջանից դեպի Սիրիա բնական գազի արտահանման մեկնարկի ժամանակ։

Մեկնարկը նշանավորվել է Քիլիս քաղաքում տեղի ունեցած արարողությամբ, որին մասնակցել են Ադրբեջանի, Թուրքիայի, Սիրիայի և Քաթարի նախարարներ և այլ պաշտոնյաներ։

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայել Ջաբբարովը, իր հերթին, հայտարարել է, որ ծրագիրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմադ Ալ-Շաարիի միջև ապրիլին և հուլիսին ձեռք բերված պայմանավորվածությունների հետևանք է։

Ջաբբարովի խոսքով՝ գազը համաձայնեցված մեխանիզմի շրջանակներում Թուրքիայի տարածքով կտեղափոխվի Սիրիա։

«Սիրիա գազի արտահանում սկսելով՝ Ադրբեջանը ցույց է տվել, որ ունակ է գազ արտահանել ոչ միայն Արևմուտք, այլ նաև Արևելք և Հարավ», - ասել է նա միջոցառման ժամանակ։

Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալպարսլան Բայրաքթարը հայտարարել է, որ ակնկալվում է, որ մատակարարումները կհասնեն օրական մոտ 6 միլիոն խորանարդ մետր գազի, իսկ առաջին փուլում հնարավոր է տարեկան մինչև 2 միլիարդ խորանարդ մետրի մատակարարում։

Բայրաքթարի խոսքով՝ Սիրիայում գազը կօգտագործվի 1200 մեգավատ ընդհանուր հզորությամբ էլեկտրակայաններ գործարկելու համար։

Թուրքիան, որը 13-ամյա քաղաքացիական պատերազմի ընթացքում աջակցել է Սիրիայի ապստամբ ուժերին՝ դեկտեմբերին Բաշար Ասադի տապալումից հետո դարձել է Սիրիայի նոր կառավարության արտաքին քաղաքականության գլխավոր դաշնակիցներից մեկը և ձգտում է առանցքային դեր խաղալ երկրի վերականգնման գործում։

Սիրիայի էներգետիկայի նախարար Մոհամմադ Ալ-Բաշիրը հայտարարել է, որ գազի մատակարարումները կնպաստեն հակամարտությունից տուժած շրջանների հիմնական էներգետիկ կարիքների ապահովմանը։