Այսօր՝ օգոստոսի 1-ին, հերթական անգամ լարված իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան վարչական շրջանում:
100-ավոր բնակիչներ, ի նշան բողոքի, փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը և պահանջում են, որպեսզի Կառավարությունը պատասխանի, թե ինչն է պատճառը, որ գրեթե 1 տարի է՝ սայլը տեղից չի շարժվում, այն դեպքում, երբ անցյալ տարի դեկտեմբերին դարձյալ բողոքի ակցիայի ժամանակ իշխանությունները խոստացան, որ խնդիրը կլուծվի:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցները ասում էին.
«1 տարուց ավելի է, չգիտես ինչու, ոչ մի աշխատանք չի կատարվում: Այն ժամանակ նույնպես բողոքի ակցիա կատարեցինք, փակեցինք ճանապարհը և միայն այն ժամանակվա Լոռու մարզպետ Արամ Ղազարյանին հավատալով դադարեցրինք բողոքի ակցիաները:
Ա. Ղազարյանը իր խոստումը կատարեց, մի քանի կմ-անոց ճանապարհի դարուփոսը հատուկ տեխնիկաների միջոցով հարթեցվեց, բայց Ղազարյանին մարզպետից տեղափոխեցին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետ, մեր սպասելիքները հօդս ցնդեցին, հիմա չգիտենք՝ աշխատանքները կկատարվեն, թե ոչ:
Մենք շարունակելու ենք մեր բողոքի ակցիաները, մինչև խնդիրը չլուծեն»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժամանել են համայնքային ոստիկանության և պարեկային ծառայության մեծ թվով աշխատակիցներ, ովքեր համոզում են բողոքի ակցիայի մասնակիցներին, որ բացեն ճանապարհը: