Հայկական կողմը հայտ է ներկայացրել Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) անդամակցելու համար և Չինաստանը, որպես այս տարվա ՇՀԿ-ն նախագահող երկիր՝ ակտիվորեն նպաստում է այդ գործընթացի առաջխաղացմանը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյը։ Հայտարարությունը արվել է Չինաստանի ազգային-ազատագրական բանակի ստեղծման 98-րդ տարեդարձին նվիրված ընդունելության ժամանակ։
«Չինաստանն ու Հայաստանը հնագույն քաղաքակրթություններ են, որոնց ժողովուրդներն անկեղծորեն ձգտում են խաղաղության։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրվանից անցած 33 տարիների ընթացքում՝ մեր երկրները մշտապես պահպանել են երկկողմ համագործակցության զարգացման կայուն դինամիկա։ Կողմերը հարգում են միմյանց ինքնիշխանությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը, փոխադարձ աջակցություն են ցուցաբերում առանցքային շահերին առնչվող հարցերում»,- նշել է դիվանագետը։
Դեսպանի խոսքով՝ վերջին տարիներին նկատելիորեն ակտիվացել են բարձր մակարդակի շփումներն ու երկխոսությունը բոլոր մակարդակներում։ «Նախագահ Սի Ծինփինը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարեկամական հանդիպումներ են ունեցել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի և մայիսի 9-ի հանդիսավոր արարողության շրջանակներում։ Բոլորովին վերջերս Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Չինաստան և բանակցություններ անցկացրել Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ, որոնց ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցությունը։ Չինական կողմը պատրաստ է հայ գործընկերների հետ միասին շարունակել բարեկամության ավանդույթները, ամրապնդել փոխադարձ վստահությունը, խորացնել գործնական համագործակցությունը, նպաստել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև նպաստել մեր երկրների բարգավաճմանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը»։