Այսօր՝ հուլիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայի և Էրեբունի փողոցի խաչմերուկում ավտոմեքենան հեղուկ գազով լիցքավորելուց հետո պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։
Օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Տեղում պարեկները վիրավոր 2 քաղաքացու նախ առաջին բուժօգնություն են ցուցաբերել՝ օգտագործելով իրենց ծառայողական ավտոմեքենայում պահվող դեղատուփից անհրաժեշտ բժշկական պարագաներ և դեղորայք, ապա ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարները մարել են հեղուկ գազով լիցքավորվելուց հետո «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայի սրահի և շարժիչի հատվածում առաջացած կրակը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի, ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունը։