Հուլիսի 17-ի գիշերը ռուսական զորքերը անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարձակում են գործել ուկրաինական Դնեպր քաղաքի վրա։ Ինչպես հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը, քաղաքի երկնքում խոցվել է 22 անօդաչու թռչող սարք, սակայն մի քանի «Շահեդ» հասել են իրենց թիրախին։ Հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս հինգը՝ վիրավորվել։ «Հոսպիտալացվել են 35, 37, 40 և 52 տարեկան տղամարդիկ։ Նրանցից երեքը գտնվում են ծանր վիճակում», – նշել է Լիսակը։ Նրա տվյալներով՝ քաղաքում, մասնավորապես Դնեպրովսկի շրջանում, բռնկվել են մի քանի հրդեհներ։ Վնասվել է ձեռնարկություններից մեկը, սակայն չի հստակեցվում կոնկրետ որը։
Անցած գիշեր ռուսական բանակը «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից գնդակոծել է նաև Նիկոպոլը։ Քաղաքի ուղղությամբ FPV-անօդաչուներ է ուղարկվել, որոնք պայթող արկեր են նետել գետնին։ Հինգ մարդ վիրավորվել է, չորսը հոսպիտալացվել են և ունեն միջին ծանրության վիճակ։ Վնասվել են մասնավոր տուն և տնտեսական կառույցներ, նշել է Լիսակը։ Նախօրեին՝ ուշ երեկոյան Ռուսաստանը հարձակվել է Դոնեցկի մարզի Դոբրոպոլիեի վրա և քաղաքի վրա նետել է 500 կիլոգրամանոց ավիացիոն ռումբ։ Տարածաշրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինի տվյալներով՝ երկու մարդ զոհվել է, 27-ը վիրավորվել են։ Վնասվել է 54 առևտրային կետ, 13 շենքի 304 բնակարան և ութ ավտոմեքենա։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այս հարձակումն անվանել է «պարզապես սարսափելի, ուղղակի ռուսական ահաբեկչություն»։ «Նրանց հարվածներում ռազմական իմաստ չի եղել, այլ եղել են միայն հնարավորինս շատ կյանքեր խլելու փորձ։ Ներկայիս ողջ Ռուսաստանը նման նողկալի հարվածների մեջ է։ Մենք կպատասխանենք դրանց։», — ընդգծել է ուկրաինացի առաջնորդը։