«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի շուրջ սեղմված օղակը հասել է այն կետին, որ առաջիկա օրերին նրա սկեսրոջը կհրավիրեն Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության:
Հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք է առաջադրել Էջմիածնի նախկին քաղաքապետին՝ փողերի լվացման եւ պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով:
Իսկ ինչ է կատարվել նախաքննական մարմնում: Նախ, Հակակոռուպցիոն կոմիտեում Դիանա Գասպարյանին պահել են մոտ 1 ժամ: Նա հրաժարվել է նախաքննական մարմնի հարցերին պատասխանելուց եւ ասել է, թե հրաժարվում է ցուցմունք տալ:
Նախաքննական մարմինը, նրա նկատմամբ մեղադրանք առաջադրելուց բացի, խափանման միջոց է ընտրել նաեւ երկրից բացակայելու արգելքը:
Մինչ հարցաքննությունը՝ մայիսի 15-ին, Էջմիածնի ՔՊ-ական քաղաքապետ Դիանա Գասպարյանը հայտնեց, որ հրաժարական է տալիս։ Կուսակիցները նրա հրաժարականի պատճառների մասին մինչեւ օրս չեն խոսում՝ նշելով, որ Գասպարյանի ներկայացրած պարզաբանումներին ավելացնելու ոչինչ չունեն:
37-ամյա Դիանա Գասպարյանը, որի ընտանիքի անդամները նրա պաշտոնավարման ընթացքում աղմկահարույց տարբեր պատմություններում էին հայտնվել, հընթացս հարստացել, որոշեց հրաժարական տալ՝ պատճառաբանելով, թե 7 տարվա պաշտոնավարումից հետո որոշել է ժամանակն այսուհետեւ նվիրել ընտանիքին:
Եվ մինչ քաղաքապետ Գասպարյանը հրաժարականի պատճառների մասին էր խոսում, Հակակոռուպցիոն կոմիտեն գործի անցավ:
Գլխավոր դատախազությունից հաստատել էին քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ տեղեկությունը եւ հայտնել, որ այն միացվել է «Հետք»-ի նույն հրապարակման հիման վրա ավելի վաղ հարուցված վարույթին:
Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում է քննվում պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաեւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ տվյալները թաքցնելու դրվագներով նախաձեռնված քրեական վարույթը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 17․ 07․ 25 թ համարում։