«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շաբաթ օրը` հուլիսի 12-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ողջ քաղաքական էլիտան Գորիսում է եղել: Իշխանականները Գորիս են գնացել ուրբաթ երեկոյան, հավաքույթ կազմակերպել, միմյանց հետ զրույցներ, քննարկումներ են ունեցել, իսկ շաբաթ առավոտյան սկսել են ՔՊ քաղաքական ժողովը:
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ փակ հանդիպման ընթացքում նախ օրակարգը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը. 2026 թվականի խորհրդարանական ընտրություններ, սեպտեմբերի 20-ին կայանալիք ՔՊ վարչության ընտրություն, այնուհետև գրեթե բոլոր ՔՊ-ականները, միմյանց հերթ չտալով, ելույթներ են ունեցել ու հարցեր տվել Փաշինյանին՝ ինչն ինչպես անել: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ականները ամեն բան արել են Նիկոլ Փաշինյանի աչքին բարձրանալու համար, որպեսզի ներառվեն 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընտրացուցակում: Ըստ մեր աղբյուրների՝ Փաշինյանը հստակ նշել է, որ պետք է ամեն բան անել, որպեսզի ՔՊ նոր վարչության ընտրություններն անցնեն առանց որևէ կեղծիքների, սկանդալներ չլինեն, քանի որ նախորդ ընտրությունները խայտառակություն էին:
Այս անգամ հավաքվելու է ավելի քան 1000 պատվիրակ, և վերահսկողությունը ընտրական գործընթացի նկատմամբ պետք է խիստ լինի: Ըստ մեր աղբյուրների՝ ՔՊ-ականներին Փաշինյանը վստահեցրել է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ կապված որևէ քաղաքական ուժ իրենցից առավելություն չունի, բայց իրենք պետք է շատ ակտիվ աշխատանքներ տանեն, որ կարողանան միահեծան իշխանություն լինել: ՔՊ-ականները հասկացել են, որ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը պետք է տրված համարել:
Ի դեպ, Փաշինյանը երեկոյան բոլորին հրաժեշտ է տվել ու հեռացել Գորիսից»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 15․ 07․ 25 թ համարում։