Foto

ԵՄ-ն «խորապես ցավում է» Պաղեստինի հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների կապակցությամբ

Եվրամիությունը «խորապես ցավում է» բռնազավթված պաղեստինյան տարածքներում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեի դեմ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ սահմանելու որոշման կապակցությամբ։ Այս մասին ուրբաթ օրը ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ պաշտոնական ներկայացուցիչ Անուար Էլ Անունին։

«Մենք հաստատակամորեն աջակցում ենք ՄԱԿ-ի մարդու իրավունքների համակարգին և ցավում ենք Ֆրանչեսկա Ալբանեզեի դեմ պատժամիջոցների սահմանման կապակցությամբ», – ընդգծել է ներկայացուցիչը։

Ավելի վաղ՝ չորեքշաբթի, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել էր, որ Ալբանեզեն ընդգրկվել է պատժամիջոցների ցուցակում այն գործունեության համար, որը, ըստ նրա, հրահրել է Միջազգային քրեական դատարանի կողմից «իսրայելցիների անօրինական հետապնդումները»։

Ֆրանչեսկա Ալբանեզեն հայտնի է պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի քաղաքականության իր քննադատությամբ։ Վերջերս նա զեկույց է հրապարակել, որում ավելի քան 60 ընկերությունների, այդ թվում՝ ամերիկյան, մեղադրել է Արևմտյան ափին իսրայելական բնակավայրերին և Գազայում ռազմական գործողություններին աջակցելու մեջ։