Foto

Հայ մասնակիցը «Սլավյանսկի բազարում» արժանացել է ԱՊՀ երկրների բարեկամության Հատուկ մրցանակի

Հուլիսի 7-15-ը Բելառուսի Հանրապետության Վիտեբսկ քաղաքում տեղի է ունենում «Սլավյանսկի բազար 2025» ամենամյա հեղինակավոր միջազգային մանկական և երիտասարդ կատարողների երաժշտական մրցույթը:

Հայաստանը հուլիսի 7-11-ը մանկական կատարողների մրցույթում այս տարի ներկայացրեց 11-ամյա Միլանա Օրդակյանը:

Երկու մրցութային օրերի ընթացքում Միլանան հանդես եկավ Արիանա Գրանդեի «Beauty and the Beast» և Ալեքսանդր Պախմուտովայի  «Беловежская пуща»  ստեղծագործությունների կատարումով՝ գերելով հանդիսատեսի և մասնագիտական ժյուրիի սրտերը իր վոկալային երաժշտական վարպետությամբ:

Այսօր՝ հուլիսի 11-ին, տեղի ունեցավ մանկական մրցույթի գալա համերգ-մրցանակաբաշխությունը, որի ժամանակ Միլանա Օրդակյանը արժանացավ ԱՊՀ երկրների բարեկամության «Խրուստալնայա նոտկա» Հատուկ մրցանակի:

Հավելենք, որ «Սլավյանսկի բազար» երիտասարդ կատարողների ամենամյա մրցույթում այս տարի Հայաստանը կներկայացնի 27-ամյա Դավիթ Կիրակոսյանը: