ՀՀ ԱԳ նախարարությունը «Ժողովուրդ» օրաթերթից պահանջել է հերքում տարածել «Ժողովուրդ» օրաթերթի կողմից հուլիսի 5-ին հրապարակված նյութում տեղ գտած այն պնդումների վերաբերյալ, թե, իբր, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի «առանձնատունը գնվել է հայտարարագրում չբացահայտված աղբյուրներից գոյացած գումարով», «թե որտեղից համեստ աշխատավարձ ստացող նախարարին այդ եկամուտը, հարցական է», «112 մլն դրամ գումարի մի մասն անհայտ ծագման է»։
«Ուշադրություն հրավիրենք այն հանգամանքին, որ հենց վերոնշյալ նյութում նշվում է, որ «Արարատ Միրզոյանն ու կինը՝ Գոհար Աբաջյանը, առանձնատունը 112 մլն դրամով գնել են 2022-ի դեկտեմբերին Նաիրի համայնքում»։ Համապատասխանաբար, գնված առանձնատան գումարի աղբյուրը «բացահայտելու» համար բավարար կլիներ ծանոթանալ նախարար Միրզոյանի կնոջ՝ զուգահեռաբար հրապարակված տարեկան հայտարարագրին, որում ներկայացված է առանձնատան գնման նպատակով Գ. Աբաջյանի անունով ձևակերպված վարկը։
Նման հրապարակումն, իհարկե, կարող է լինել գրագիտության պակասի ցուցիչ կամ միտումնավոր ապատեղեկատվություն. երկու գործելաոճն էլ անհամատեղելի է լրագրողի կամ լրատվամիջոցի բարձր առաքելության հետ։ Օգտվելով այս առիթից՝ ԶԼՄ գործընկերներին մեր կողմից հորդորում ենք պաշտոնյայի եկամուտների մասին հանրությանը լուսաբանելու պարտքը կատարելուց հետո առաջ ցուցաբերել նվազագույն աչալրջություն և զերծ մնալ նմանօրինակ պարզունակ մանիպուլյացիաներից»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը: