Foto

Մի շարք անձինք ապօրինի եղանակով վարորդական վկայականներ ձեռք բերելու համար կաշառքի միջնորդության պատրվակով քաղաքացիներից խաբեությամբ ստացել են տարբեր չափի գումարներ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված  նախաքննությամբ հիմնավորվել է, որ  2024 թվականի սեպտեմբերի 2-ին՝ կաշառքի միջնորդության պատրվակով դրամական միջոց ստանալու դիտավորությամբ,  Երևանի բնակիչն իր ծանոթին հայտնել է, որ կարող է ՀՀ ՆԳՆ Լոռու մարզի հաշվառման-քննական բաժնում աշխատող նախկին գործընկերների օգնությամբ կազմակերպել ապօրինի եղանակով մի շարք անձանց վարորդական իրավունքի վկայականներ տրամադրելու գործընթացը՝ յուրաքանչյուր վկայականի դիմաց պահանջելով  300.000 ՀՀ դրամ գումար:

Դրանից հետո Երևանի բնակչի հաշվեհամարին փոխանցվել է կաշառքի առարկա հանդիսացող ընդհանուր 1.200.000 ՀՀ դրամ՝ վարորդական իրավունքի չորս վկայականների դիմաց: Հետագայում, սակայն, հիշյալ անձը կաշառքի առարկան և փաստաթղթերը որևէ պաշտոնյայի չի փոխանցել և չի կազմակերպել վարորդական իրավունքի վկայականների տրամադրման գործընթացը, այլ կաշառքի միջնորդության պատրվակով ստացել է ընդհանուր 1.200.000 ՀՀ դրամ:

Վերը նշված անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված մեկ այլ քրեական վարույթով էլ պարզվել է, որ ՀՀ Արմավիրի մարզի բնակիչը նույն մարզում բնակվող մի շարք անձանց հավաստիացրել է, թե կարող է վերջիններիս համար կաշառքի դիմաց կազմակերպել վարորդական իրավունքի վկայականներն անխոչընդոտ ստանալու գործընթացը և այդ նպատակով նրանցից պահանջել է տարբեր չափի գումարներ: Վերը նշված անձը, սակայն, խոստումը չի կատարել, որից հետո մարզի բնակիչները նրանից պահանջել են գումարները հետ վերադարձնել: 

Արմավիրի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 44-440-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ) և 440-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական վարույթներով նախաքննությունն ավարտվել է, և վարույթների նյութերը մեղադրական եզրակացություններով ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: