ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը գրել է.
«Լողավազաններից օգտվելն անչափ օգտակար է առողջության, ֆիզիկական ակտիվության և հանգստի տեսանկյունից: Լողավազանի օգտակար կողմերը բազմաթիվ են` այն պարգևում է բավարար ֆիզիկական և հոգեկան առողջություն, զարգացնում է սրտանոթային համակարգը, ուժեղացնում է մկանները և համատեղելի է բոլոր տարիքների համար, օգնում է քաշի վերահսկմանը, նվազեցնում է հոդերի բեռը (իդեալական է արթրիտով մարդկանց համար):
Լողը նաև նվազեցնում է սթրեսը և անհանգստությունը, օգնում է կենտրոնացմանը և թուլացմանը: Այն նաև ընտանեկան և ընկերական ժամանցի հիանալի տարբերակ է, երեխաները սովորում են թիմային աշխատանք, կարգապահություն։ Մեզ հասանելի տվյալների համաձայն, Հայաստանում լողավազաններից օգտվողների մեծ մասը` 66%-ը 15–64 տարեկաններն են, 0–14 տարեկանները կազմում են գրեթե 20%, իսկ` 65+ տարիքը՝ մոտ 14%:
Այսօր բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, որ լողը կարելի է սկսել շատ վաղ տարիքից, բայց այն պետք է համապատասխանեցվի երեխայի զարգացման մակարդակին։
Ահա ընդհանուր ուղեցույցը՝ ըստ տարիքային խմբերի.
նորածիններին (0-6 ամսական) խրախուսվում է ջրի հետ զգուշորեն ծանոթանալը (օրինակ՝ գոգաթիակում, հատուկ մանկական լողավազաններում՝ ծնողի ուղեկցությամբ), որի նպատակն է ջրի հանդեպ վստահություն ձևավորելը, ոչ թե լողի տեխնիկա սովորելը։
Այս տարիքի համար շատ կարևոր է ջրի ջերմաստիճանը (մոտ 32-34°C) և անվտանգությունը։
6 ամսականից մինչև 3 տարեկաններին խրախուսվում է մանկական լողի խմբակներ հաճախելը` ծնողի ներկայությամբ։ Սովորեցնում են վարժություններ՝ ջրի մեջ շարժվելու, փչելու, ցայտելու և գլուխը ջրի տակ պահելու համար։
3-ից 4 տարեկանում կարելի է սկսել լողի տարրական հմտությունների ուսուցում՝ խաղերի և հատուկ մանկավարժական մեթոդների միջոցով։ Այս տարիքում երեխան սկսում է ինքնուրույն ջրի վրա մնալ։
4-5 տարեկանից սկսած արդեն կարելի է սովորեցնել լողի կոնկրետ ոճեր։ Այդ տարիքում երեխաները սովորաբար պատրաստ են մասնակցելու լողի դասերին առանց ծնողի ուղեկցության»։