Մինչ բոլորս մտահոգված ենք եկեղեցու վրա սկսված ապազգային հարձակմամբ և բռնապետության հաստատման դեմ պայքարով՝ ակտիվ գործընթացներ են տեղի ունենում արտաքին ուղղությամբ, որոնք արագացել են ՀՀ դե-ֆակտո կառավարիչի Ստամբուլ այցից հետո։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Եվ այսպես.
Նախ փաշինյանը մեր անունից Ստամբուլում փաստացի հայտարարում է, որ Թուրանի ճանապարհը (ավելի հայտնի «Զանգեզուրի միջանցք» անունով), խնդիր չէ։
Վերջին օրերին թուրք-ադրբեջանական տարբեր տեղեկատվական հարթակներ նշում են, որ «միջանցքի» հարցում Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան համաձայնություն է ձեռքբերվել՝ հղում անելով տարբեր անանուն աղբյուրների։ Խոսք է գնում նաև Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին։
Երեկ մի շարք աղբյուրներ նշում են, որ ԱՄԷ միջնորդությամբ հուլիսի երկրորդ կեսին Դուբայում տեղի է ունենալու Ալիև-փաշինյան հանդիպում, որտեղ պետք է քննարկվի «խաղաղության պայմանագիր» անունով մի թուղթ։ Ակնհայտ է, որ հանդիպման օրակարգում լինելու է «միջանցքը»։
Նույնպես երեկ որոշ դիվանագիտական աղբյուրներ հայտնեցին, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև քննարկվում է «միջանցքի» բացման ամերիկյան տարբերակը՝ առանց Հայաստանի վերահսկողության ճանապարհ, որը կհսկեն ամերիկյան ընկերության ներկայացուցիչները։
Այս ամենը տեղի է ունենում Իրանի ու Ռուսաստանի հետ Բաքվի հարաբերությունների լարմանը համընթաց։ Միաժամանակ Ադրբեջանում նորից ակտիվորեն խոսում են Ադրբեջանում Թուրքիայի ռազմաբազա հիմնելու մասին։
Հասկանո՞ւմ եք, չէ՞, ինչ է կատարվում։
Հարավային Կովկասում ռուսական ու իրանական ազդեցության վերացում, դրա փոխարինում թուրքականով, որը ձեռնտու է Արևմուտքին, Թուրքիային։ Իսկ թե ինչ կլինի թուրքական վերահսկողության տակ մնացած Հայաստանին, որևէ մեկին չի մտահոգում։ Պարզվում է՝ նույնիսկ մեզ էլ»,- գրել է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։