Այսօր՝ հուլիսի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 17։20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Ժորա Ի.-ն իր վարած «ISUZU» մակնիշի ավտոմեքենայով Երևան–Մեղրի ավտոճանապարհի 212-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով վարորդը և ուղևոր՝ Սյունիքի մարզի բնակիչ, 28-ամյա Վազգեն Հ.-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, որոնց տեղում առաջին օգնություն են ցուցաբերել։
Ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած Սիսիանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները նրանց տեղափոխել են Սիսիանի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել են հերթապահություն։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի և ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սպարտակ Մելքոնյանը, Հարութ Քյանունցը և կրտսեր պարեկ Մեսրոպ Ծատրյանը։
Վթարի մասին Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբ՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ վթարված ավտոմեքենան պատկանում է «Գրանդ Քենդի» ընկերությանը, որը պաղպաղակ տեղափոխելիս է եղել։