Գազայի հատվածի բժշկական աղբյուրների տեղեկացմամբ՝ հունիսի 25-ի լուսաբացից ի վեր պաղեստինյան անկլավում Իսրայելի ռմբակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Զոհերից 14-ն օգնության սպասող պաղեստինցիներ էին, որոնք հավաքվել էին օգնության բաշխման կենտրոնների մոտ։
Իսրայելը մայիսի 27-ին սկսել է իրականացնել, այսպես կոչված, «Գազայի մարդասիրական հիմնադրամի» միջոցով սահմանափակ օգնություն բաշխելու ծրագիր, որին աջակցում է նաև Միացյալ Նահանգները։ Ըստ հրապարակման՝ օգնության բաշխման կենտրոնները, սակայն, վերածվել են մահվան թակարդների, որոնք իսրայելական բանակի մշտական թիրախում են։ Գազայի կառավարությունը հայտարարել է, որ շուրջ մեկ ամսվա ընթացքում օգնության կենտրոնների մոտ զոհերի թիվը գերազանցել է 500-ը։
ՀԱՄԱՍ-ի ռազմական թև համարվող «Ալ-Կասսամ» բրիգադի անդամներն իրենց հերթին հայտարարել են, որ Խան Յունիսում պայթուցիկ սարքով ոչնչացրել են իսրայելական բանակին պատկանող D9 ռազմական մեքենան։ Բացի այդ, նրանց խոսքով՝ հրթիռով թիրախավորվել է Խան Յունիսի հարավում գտնվող աթ-Թաուհիդ շրջանում մեկ այլ ռազմական մեքենա։ Տեղեկություններ կան նաև, որ իսրայելցի զինվորները, որոնք թաքնվում էին Գազայի հարավում բնակելի շենքում, հայտնվել են ՀԱՄԱՍ-ի թիրախում։
Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ ՀԱՄԱՍ-ի կողմից իրականացված գործողության ընթացքում մեկ սպա և վեց զինվոր են զոհվել, վիրավորվել են ևս 16-ը։
Իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ Խան Յունիսում սպայի և զինվորների սպանությունը վերջին ամիսներին բանակի կողմից կրած ամենածանր միջադեպերից մեկն էր։
Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից իրականացված ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 56 077-ի, իսկ վիրավորներինը՝ 131 848-ի։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։