Foto

Իրանին հարվածները չեն կարող համեմատվել Ուկրաինայի պատերազմի հետ, Իսրայելը պաշտպանում է իրեն. Մերկել

Իրանի դեմ Իսրայելի օդային հարվածները չեն խախտում միջազգային իրավունքը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը` հավելելով, որ Ռուսաստանը խախտել է աշխարհակարգը՝ հարձակվելով Ուկրաինայի վրա, քանի որ նրան վտանգ չի սպառնում։

Իսրայելի «Ապստամբող Առյուծ» օպերացիան Իրանի դեմ չի կարող համեմատվել Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման հետ, քանի որ Կիևը չէր սպառնում Ռուսաստանի Դաշնության գոյությանը: Նման կարծիք է հայտնել Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը Neue Osnabrücker Zeitung թերթին տված հարցազրույցում։

«Ես այնքան էլ համաձայն չեմ, որ Իսրայելը չի ​​պահպանում միջազգային իրավունքը: Երբ Իրանի կամ ՀԱՄԱՍ-ի կողմից կասկածի տակ է դրվում երկրի գոյությունը, այդքան էլ հեշտ չէ դրան պատասխանել միջազգային իրավունքի համաձայն: Եթե ոմանց թույլատրված է ասել, որ ցանկանում են ոչնչացնել Իսրայելը, ապա նա պետք է կարողանա պաշտպանել իրեն»,- ասել է Մերկելը:

«Իսկ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ակնհայտորեն հակասում է միջազգային իրավունքին: Ուկրաինան երբեք չի սպառնացել Ռուսաստանին և, այնուամենայնիվ, հարձակման է ենթարկվել»,- նշել է Գերմանիայի նախկին կանցլերը: