Երեկ ՀՀ վարչապետը հայտարարեց․ «Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ
գտել ենք Հայաստանի Հանրապետությունը»։ Vesti.am-ը
այս արտահայտությանն առնչվող մի քանի հարց է ուղղել արցախցի ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանին։
-
Տիկի՛ն Հակոբյան,
եթե Արցախը չենք կորցրել՝ ինչո՞ւ ինքներդ հիմա Արցախում չեք։
-
Մենք հայտնվել ենք մի փուլում, երբ Արցախի հանձնումն այս իշխանության
կողմից պետք է ամեն կերպ լեգիտիմացվի։ Այսինքն՝ ժողովրդին այն մատուվի ոչ թե կորուստ,
այլ՝ հաղթանակ, ինչն արվում է։ Որպես հաղթանակ է ներկայցվում նաև ՀՀ-ի սուվերեն տարածքների
կորուստը։ Այդ կորուստները հաղթանակ են Թուրքիայի, Ադրբեջանի և ՀՀ իշխանության համար։
Սրանից ելնելով պետք է փաստել, որ այսօր ՀՀ իշխանության աթոռները զավթել են մարդիկ,
որ կատարում են Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները։ Քանի դեռ նրանք չեն տեսել ժողովրդի
ցասումը, շարունակելու են կատարել իրենց ծրագիրը, որը շատ շատերի համար տեսանելի էր
2018թ-ից։
-
Ինչո՞ւ այս հայտարարություններն
արվեց Թուրքիա այցին ընդառաջ։
-
Սա կլինի Էրդողան-Փաշինյան երրորդ հանդիպումը։ Չեմ բացառում,
որ ինչ-որ թղթի կտոր պատրաստվի, որի վրա գրված կլինի խաղաղություն բառը, որով էլ տապանաքար
կդրվի Երրորդ հանրապետության վրա։ Նիկոլն ասում է, որ Հայաստանի Հանրապետություն գոյություն
չունի և այն պետք է կերտել, ընդ որում նա անընդհատ խոսում է չորրորդ հանրապետություն
ստեղծելու մասին։ Թե արդեն ինչ տարածքով և
ձևաչափով՝ մենք միայն կարող ենք ենթադրել, իսկ իրենք հստակ գիտեն դա։ Սա, ըստ իս, հերթական
կապիտուլացիան է և բնականաբար ավելի մեծ է լինելու։ Ընդ որում, սա էլի, որպես հաղթանակ
ներկայացվելու է ժողովրդին։ Իսկ թե ինչքան է դեռ մեր հասարակությունը պատրաստ սա կուլ
տալ, ուղղակի չգիտեմ։ Այս անգամվա «խաղաղություն» բառը նշանակելու է ինքնասպանություն,
հայի վերացում և այլն՝ ուրիշ տարաբերակ չկա։ Միջազգային դերակատարներից եկող ազդակները
հստակ հասկացնել են տալիս, որ խոսքը ՀՀ տարածքի մասին է։ Նման մի «խաղաղություն» էլ
2020թ-ի նոյեմբերին կնքվեց, որից կարճ ժամանակ անց հայաթափվեց Արցախը։
-
Ձեր խոսքի տրամաբանությունից
ելնելով՝ չեք բացառո՞ւմ, որ մի քանի տարի հետո Փաշինյանից կարող ենք լսել, օրինակ՝
«Սյունիքը չենք կորցրել, այլ՝ գտել ենք Երևանը» արտահայտությունը։
-
Ես չեմ կարծում 1-2 տարի հետո, հիմա իրադարձությունները չափազանց
արագ են զարգանում։ Այո, 2021թ-ից թիրախում Սյունիքն է։ Անկախ նրանից որ իշխանությունները
ծամածռություններով կասեն թե նման բան չկա, որ թուրքական լրատվականներին կասեն, թե
միջազգային հարթակներում դա միջանցք են դիտարկում, միևնույն է այն իրենց համար «խաղաղության խաչմերուկ» է և
այլն, միևնույն է, դրանից ձևաչափը չի փոխվում։ Այո, զոհասեղանին Արցախից հետո Սյունիքն
է դրված։ Եվ այն «խաղաղությունը», որի հետևից հիմա գնացել է Հայաստանի վարչապետը, հենց
դրան է վերաբերվում, իհարկե ՀՀ տարածքների հաշվին։
-
Ձեր խոսքում հիշեցրիք,
որ Փաշինյանն անկարում է երրորդ հանրապետության ավարտի մասին, իսկ ինքը երեկ ասաց,
որ այն կա, սակայն իրականում անկախություն է ստացել 2022թ հոկտեմբերի 6-ին՝ Արցախն
Ադրբեջանի կազմում ճանաչելու օրվանից։ Հիմա այլևս ֆորպոստային վարչապետից վերածվել
է իրական Հայաստանի իրական վարչապետի։ Այդ իրական Հայաստանի գաղափարի հետևանքներն ինքներդ
եք զգացել, այն որքա՞ն կնպաստի ՀՀ շահերին։
-
Իրական Հայաստանի թարգմանությունը ես ընկալում եմ որպես Նիկոլի
Հայաստան։ Ինձ համար Նիկոլի Հայաստանը և Հայաստանը տարբեր հասկացություններ են։ Իրենց
Հայաստանը նշանակում է առանց դիմագծի, առանց իրական արժեքների։ Իմ պատկերացումներում
դա տարածք է, որտեղ ապրում են հայեր, բայց դա ինչքանով է հայկական պետականություն և
ինչ տարածքներում՝ խիստ կասկածելի է, որ մենք ներկայիս Հայաստանի տարածքներին գոնե
մոտ պատկերի մասին ենք խոսում։ Նիկոլի Հայաստանը դա այն Հայաստանն է, որտեղ հայերն
ուղղակի սպասարկող են դառնալու մեզ համար թշնամի պետությունների ձեռքում։ Սա իր նկարագրությունում
տալիս է հենց ՀՀ վարչապետը և դա անում է շատ հպարտորեն։ Նիկոլն անում է իր քայլերը,
բայց մեծագույն քայլներն անելու կարիքն ունենք մենք՝ ժողովուրդը։ Եվ քանի դեռ մենք
դա չենք անում դրանով լեգիտիմացում ենք իր քայլերը։