Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում,
ի թիվս այլ հարցերի, ասաց․ «Իմ մարզային այցերի ժամանակ հասկացա, որ ՀԷՑ-ը ՀՀ-ում էներգետիկ
ճգնաժամ է ստեղծել»։ Վարչապետը հանձնարարել է պարզել, թե ի՞նչ խնդիրներ կան։ Չնայած
հանձնարարականի ամփոփմանն արդեն մի քանի օր է մնում, սակայն այսօր արդեն Փաշինյանը
վստահ է, որ կառույցում ճգնաժամ կա։ Կա՞ արդյոք էներգետիկ ճգնաժամ ՀՀ-ում, և որո՞նք
են դրա պատճառները։ Թեմայի վերաբերյալ Vesti.am-ը
հարցեր է ուղղել էներգետիկ անվտանգության փորձագետ
Վահե Դավթյանին։
– Պարո՛ն Դավթյա՛ն, կա՞ ՀՀ-ում էներգետիկ ճգնաժամ։
Դուք բազմիցս տարբեր խնդիրների մասին բարձրաձայնել եք։ Որտեղի՞ց են առաջացել դրանք։
– Ես
երբևէ չեմ ասել, որ կա էներգետիկ ճգնաժամ։ Խոսել եմ նախաճգնաժամային պայմանների մասին։
Ընդ որում՝ բավականին մոտ ենք էներգետիկ ճգնաժամին։ Այն պայմանավորված է ոչ թե միայն
Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ) ընկերությամբ, որը հանդես է գալիս որպես օպերատոր,
այլ՝ մեր էներգետիկ քաղաքականությամբ։ Հայաստանը պետք է ունենա այնպիսի տնտեսական համակարգ,
որը չպետք է խարսխված լինի միայն առևտրի և ծառայությունների վրա, այլ՝ լինի ինդուստրիալ։
Այս դեպքում հնարավոր կլինի օգտագործել էներգետիկ շուկայի ողջ հզորությունը, որը ժառանգել
ենք ԽՍՀՄ-ից և որոշ չափով զարգացրել ենք։ Խնդիրն այն է, որ Հայաստանում առկա է էլեկտրաէներգետիկ
հզորությունների ավելցուկ, բայց ունենք շատ համեստ սպառման շուկա և արտահանման նվազող
հնարավորություններ՝ թե՛ Իրանի, թե՛ առավել ևս Վրաստանի ուղղությամբ։ Այս պայմաններում
էներգետիկ խնդիրները վերագրել բացառապես ՀԷՑ-ին՝ ակնհայտորեն ունի քաղաքական ենթատեքստ։
Ինչպես նաև Փաշինյանի կողմից «էներգետիկ ճգնաժամ» եզրույթի օգտագործումը, որը, վստահ
եմ, արվել է անգիտակցաբար։ Արդյունքում մենք տարածաշրջանում ունենք էլեկտրաէներգիայի
ամենաբարձր սակագները։ Իշխանությունը հայտարարել է ազատականացման քաղաքականության մասին,
ինչը, կարծում եմ, ժամանակավրեպ որոշում էր։ Այսօր ՀԷՑ-ի դեմ սկսված արշավը հակասում
է հենց այդ քաղաքականությանը, քանի որ ազատականացումը ենթադրում է պետության մասնակցության
նվազեցում համակարգում, իսկ հիմա տեսնում ենք հակառակ միտում։
– Այս քաղաքական արշավը ՀԷՑ-ի դեմ որևէ դրական
միտում ունի՞։
– Ո՛չ,
կարծում եմ՝ միայն բացասական հետևանքներ է ունենալու։ Եթե ՀԷՑ-ը պետականացվի, ապա ՀՀ
կառավարությունը ստիպված կլինի իրականացնել այդ ընկերության ներդրումային քաղաքականությունը։
Իսկ դա խիստ անհրաժեշտ է։ Սակայն կառավարությունը դա անելու է պետական պարտքի ավելացման
ճանապարհով։ Միջազգային վարկերը ենթադրում են սպասարկում, իսկ մեր էներգետիկ համակարգը
չունի բարձր ՕԳԳ (օգտակար գործողության գործակից)՝ այդ պարտքը սպասարկելու համար։ Օրինակ՝
ատոմակայանի մոդեռնացման ժամանակ, երբ ՀՀ կառավարությունը որոշեց հրաժարվել ռուսական
վարկի մի մասից և փոխարենը տրամադրեց բյուջետային վարկ, սակագինը բարձրացավ մոտ
2.5 դրամով։ Այս ամենը հակահամակարգային մոտեցում է, պարունակում է ինչպես էներգետիկ,
այնպես էլ ազգային անվտանգության խնդիրներ, նաև հակասում է պետության որդեգրած ազատականացման
քաղաքականությանը։
-
Վերջին 7 տարում
ինչ էներգետիկ խնդիրներ են ավելացել և որոնք են լուծվել։ Արդյունավետության ի՞նչ մակարդակ
ունենք։
-
Կորցնելով
Արցախի 37 ՀԷԿ, հատկապես խոշոր Սարսանգի ՀԷԿ-ը, կորցրեցինք նաև Արցախից էլեկտրաէներգիա
ստանալու հնարավորությունը։ 2018-ին Արցախը սկսել էր մատակարարել ՀՀ-ին մոտ 150 մլն
կՎտ·ժամ, իսկ 2020-ին այդ ծավալը պետք է հասներ 300 մլն-ի։ Այս 7 տարում տարվել է քաղաքականություն,
որը շեշտը դրել է այսպես կոչված «կանաչ» ռեսուրսների՝ արևային, հողմային և այլն, զարգացման
վրա։ Արևային կայանների հզորությունները այնքան են աճել, որ առանց խնդիրների ինտեգրումն
արդեն տեխնիկապես դժվար է։ Դրա մասին խոսում է անգամ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարությունը։ Արևային էներգիան չի ապահովում մշտական, կայուն մատակարարում։ Այս
համատեքստում ունենք բալանսավորման խնդիր։ Բացի այդ՝ չունենալով էներգետիկ դիվանագիտություն՝
կորցրել ենք վրացական շուկան։ 2024-ի վիճակագրությամբ ունենք բացասական դինամիկա՝ ավելի
շատ ներմուծել ենք, քան արտահանել։ Սա այն պարագայում, երբ ունենք ներքին հզորությունների
ավելցուկ։ Իրանի ուղղությամբ նույնպես մատակարարման ծավալը նվազել է՝ Ադրբեջանի գործոնի
ինչպես նաև, հիմա արդեն Իրանի-Իսրայելի հակամարտության
խորացման պատճառով։ Սա կարող է վտանգի տակ դնել Իրան- Հայաստան գազ-էլեկտրաէներգիա
փոխանակման ծրագիրը։
– Քաղաքացիները դժգոհում են էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրներից։
Ո՞րն է ՀԷՑ-ի, և ո՞րը պետության պատասխանատվությունը։
– Տեխնիկական
մասի պատասխանատվությունը, իհարկե, ՀԷՑ-ինն է՝ էլեկտրաէներգիայի որակի, անխափանության
ու կայունության առումով։ Բայց պետությունն ունի վերահսկողություն իրականացնող մեխանիզմներ՝
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Անհրաժեշտության դեպքում կարող
է միջամտել ու կիրառել իրավական գործիքակազմ։ Կարևոր է, որ այս խնդիրները չդառնան քաղաքական
շահարկման թեմա։ Այո՛, կան խնդիրներ, բայց դրանք համակարգային չեն և լուծվում են ՀԷՑ-ի
ներդրումային քաղաքականության միջոցով։ Օրինակ՝ վերջին 5 տարում կրճատվել են էլեկտրաէներգիայի
կորուստները։ Իսկ քաղաքական շահարկման դեպքում կարող ենք վնասել մեր ընդհանուր էներգետիկ
անվտանգությը, նոր ռիսկեր առաջ բերել։ Կարծում եմ մենք այդ առումով պետք է ավելի ուշադիր
լինենք մեր գնահատականներում և չտրվենք իշխանության կողմից գեներացվող քաղաքական պոպուլիզմին։