Foto

Լարսում բեռնատարներում տոննաներով միրգը փչանում է. ռուսական կողմը խոչընդոտում է. ահազանգ

Այսօր՝ հունիսի 18-ի վաղ առավոտից SHAMSHYAN.com-ը բազաթիվ ահազանգեր է ստացել Լարսի անցակետում մնացած հայ վարորդներից, ովքեր զայրույթն են հայտնել ռուսական կողմի փնթի աշխատանքի վերաբերյալ: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդների խոսքով՝ թե՛ Բագրատաշենի անցակետում, թե՛ վրացական անցակետում ոչ մի խնդիր չեն ունեցել, առանց խոչընդոտի հատել են սահմանները, արհեստական ու միտումնավոր խոչընդոտները ստեղծել է միան ռուսական կողմը և արդեն մի քանի օր է՝ Ռուսաստանի մաքսավորների ստեղծած խոչընդոտների հետևանքով բազմաթիվ բեռնատարներում եղած տոննաներով միրգը փչանում է:  

Ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդները նշել են. «Ռուսները ծիրանը հետ են ուղարկում Հայաստան, մեզ օրերով պահում են այստեղ: Մեքենաների դիզվառելիքը վերջացել ա, չեն թողնում մեքենա գա՝ «սալյառկա» լցնի: Անորոշ վիճակ ա: Ասում են՝ հետվերադարձ պիտի արվի, բայց թղթերն էլ չեն տալիս, որ ավտոները հետ գան: Անտեր, անորոշ վճակով կանգնած ենք, մարդ էլ չկա, որ դիմենք»:
 
Անգամ մեքենաներ կան, որոնց դիզվառելիքը վերջացել է, իսկ այդ դեպքում բեռնատարների սառցախցիկները չեն աշխատում: 

Վարորդները նշել են նաև, որ պահանջում են, որպեսզի ՀՀ արտաքին գործերի նախարարությունը միջամտի ու ռուսական կողմին պարտավորեցնի, որպեսզի արհեստական խոչընդոտներ չստեղծեն: