Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի և լրագրողների միջև այսօր կայացած ճեպազրույցը կրկին լարված մթնոլորտում անցավ։ Լրագրողները նախարարին հորդորեցին հարցերին պատասխանել ըստ էության և խուսափել ընդհանրական մեկնաբանություններից։ Սրբուհի Գալյանը հուզված արձագանքեց՝ նշելով, որ արդեն բազմիցս դարձել է մեմերի հերոս՝ լրագրողների պահվածքի պատճառով։ Նա ընդգծեց. «Եթե ինձ հրավիրում եք հարցազրույցի, բարի եղեք լսել այն, ինչ ասում եմ։ Ես ստիպված եմ տարօրինակ ռեակցիաներ տալ ձեր տարօրինակ և անհարգալից պահվածքին»։
Տարօրինակն այստեղ այն է, որ նախարարն իր պահվածքում, մեմերի հերոս դառնալու մեջ մեղադրում է լրագրողներին: Իհարկե, ՔՊ թիմին հատուկ է իրենց սխալների մեջ այլ մեղավորներ գտնելը: Այսինքն՝ անձն ընդունում է, որ ինքը մեմերի առարկա է, բայց պատճառը ոչ թե ինքն է, իր հոգեխառնվածքն է, այլ՝ լրագրողները, ովքեր հարցեր են տալիս և իրեն հորդորում են պատասխանել ըստ էության: Եվ ընդամենը նկատում են, որ նախարարից դասախոսություն լսելու ցանկություն չունեն: Դա, գուցե, իր թիմակից ՔՊ-ականներին դուր է գալիս, բայց ոչ մամուլին և իրեն դիտող քաղաքացիներին, ում առաջ պատասխանատություն ունի յուրաքանչյուր նախարար: Գալյանը, ով իրեն ժողովրդավար թիմի անդամ է համարում, լրագրողներին ասում է. «բարի եղեք լսել այն, ինչ ասում եմ»։ Իսկապե՞ս, իսկ ո՞րն է աստեղ լրագրողի դերը: Լրագրողների փոխարեն այս խոսափողները կարող են բռնել ցանկացած մասնագիտության տեր մարդիկ, օրինակ նրանք, ովքեր հովհանոցներ բռնելու հաստիք ունեն ՔՊ թիմում:
Հենց նման պարզ իրավիճակներն են գալիս ապացուցելու, որ պաշտոնյան պետք է փորձառություն ունենա, լինի սթրեսակայուն, հավասարակշվռված և միայն այս կամ օրեսնդրության իմացությունը դեռ լավագույն կառավորումը չէ: Նախկինում, հատկապես արդարադատության նախարարները, մեմերի առիթ չէին դառնում: Նման իրավիճակ սկսվեց ՔՊ թիմին միացած Կարեն Անդրեասյանից սկսած, ով ասում էր, որ Փաշինյանի նկարին նայելով՝ արդարադատության վերաբերյալ ինչ-որ դրական էմոցիաներ է ունենում: Այսինքն՝ անձինք իրենք են թույլ տալիս իրենց հետ վարվել այնպես, ինչպես վարվում են: Ընդ որում այս օրինաչափությունը բացատրվում է նախարարի հաջորդ մտքով. «Ես ստիպված եմ տարօրինակ ռեակցիաներ տալ ձեր տարօրինակ և անհարգալից պահվածքին»։ Տարօրինակ պահվածքին տաօրինակ պատասխան տալը ևս անձի խնդիրն է: Փորձառու ոչ մի պաշտոնյա՝ հատկապես իրավաբան, նման հարթությունում չի շփվում, հատկապես մասնագիտական գործունեության շրջանակներում: Փաստաբանը կամ քննիչը հանցագործի բառապաշարով նրա հետ չեն խոսում, փոխարենը հակառակն են անում՝ փորձում են բերել իրենց դաշտ՝ կիրթ բառապաշար օգտագործելով: Բայց ասել՝ դուք տարօրինակ հարց եք տալիս, ես էլ տարօրինակ բաներ եմ անում, 6-7-րդ դասարանի մակարդակից չի բարձրանում: Ընդ որում, եթե նախարարն ընդունում է, որ ինքը տարօրինակ ռեակցիաներ է տալիս՝ դա ևս խնդիր է ու ոչ միայն իր, ալյև՝ ամբողջ համակարգի համար:
Այդ նուն «ռեակցիաների» ազդեցությյան տակ էլ Սրբուհի Գալյանը, հուզվեց, ապա, կորցնելով համբերությունը, չավարտեց ճեպազրույցը և հեռացավ: