Foto

Հնդկաստանը սկսել է Իրանից իր քաղաքացիների տեղափոխումը. տարհանման հնարավոր ուղիների թվում է նաև ՀՀ-ն

Իսրայելի և Իրանի միջև իրավիճակի սրման պատճառով Հնդկաստանը սկսել է իր քաղաքացիներին տեղափոխել Իրանի վտանգավոր տարածքներից և ակտիվորեն քննարկում է տարհանման տարբերակները։ Հայաստանը տարհանման հնարավոր ուղիների ցանկում է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Indian Express պարբերականը։

Հնդկաստանի արտգործնախարարությունը հաստատել է, որ Թեհրանում Հնդկաստանի դեսպանատան հսկողությամբ երկրի քաղաքացիները, այդ թվում՝ ուսանողները, տեղափոխվում են ավելի անվտանգ վայրեր։

«Կառավարությունը նաև դիտարկում է տարհանման ուղիները, քննարկումներ են ընթանում Հայաստանը որպես անվտանգ անցում օգտագործելու հարցը», – նշված է հրապարակման մեջ։

The Indian Express-ը նշում է, որ ըստ պաշտոնյաների՝ Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը խոսել է Հայաստանի իր պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ՝ քննարկելու լոգիստիկ և դիվանագիտական համակարգումը։

Թեհրանում Հնդկաստանի դեսպանատունը հորդորել է Հնդկաստանի քաղաքացիներին և հնդկական ծագում ունեցող անձանց մնալ տանը, խուսափել ոչ անհրաժեշտ տեղաշարժերից և ուշադիր հետևել պաշտոնական ալիքներով հրապարակված թարմացումներին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։