Foto

Իսկ ՄԻՊ-ը հետևողական կլինի, որ իրավախախտ ոստիկանը քրեական պատասխանատվություն կրի

ՄԻՊ աշխատակազմի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է Ոստիկանության ծառայողի կողմից լրագրող Մերի Մանուկյանի մասնագիտական գործունեությունը առերևույթ խոչընդոտելու և նրա նկատմամբ բռնություն կիրառելու դեպք: 

Պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ դատապարտում է Ոստիկանության ծառայողի նման վարքագիծը՝ լրագրողի նկատմամբ բռնությունը, և ընդգծում, որ լրագրողների համար պետք է երաշխավորված լինի մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար պատշաճ միջավայր:

Սա շատ սովորական հայտարարություն է։ Ցանկացած երկրում Մարդու իրավունքների պաշտպանը չեզոք է և պետք է արձագանքի յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների պաշտպանությանը, դատապարտի բռնությունը։ Հատկապես, որ այստեղ, բացի բռնությունը, կա նաև հստակ իրավախախտում՝ ոստիկանը խոչընդոտել է լրագրողի մասնագտական գործունեությանը։ Հայաստանում վերջին շրջանում  նախադեպը չունեցող իրադարձություն տեղի ունեցավ՝ լրգրողին հարվածած ոստիկանին աշխատանքից հեռացրին։

Սա իրապես աննախադեպ է։ Թե ինչո՞ւ, հավանաբար, ժամանակը կտա նաև այս հարցի պատասխանը՝ հաշվի առնելով նաև այն, որ նույն ոստիկանը բողոքի ակցիաների ժամանակ աչքի էր ընկնում առնաձնակի դաժանությամբ։

Հայաստանում, հատկապես 2020թ-ի հետո, լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը պարբերական բնույթ են կրում, սակայն նման արաձգանք չի լինում։ Օրինակ՝ մի քանի օր առաջ ԱԺ-ից հեռացրին լրագրող Վահե Մակարյանին՝ Ալեն Սիմոնյանի ուղիղ հանձնարարականով, այն դեպքում, երբ լրագրողն անցաթուղթ ուներ՝ տրված պատգամավորի կողմից։ Այդ դեպքից առաջ էլ Վահե Մակարյանը, Ալեն Սիմոնյանի հետ վիճելուց հետո, զրկվել էր Ազգային ժողով իր մուտքի արտոնագրից։  Նույն Ազգային ժողովում լրագրողներին հեռացնում են իրենց համար նախատեսված օթյակից, ՊՊԾ աշխատակիցները բռնություն են գործադրում, այժմյան ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը սրճարանում հարվածում է լրագրողին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՝ լրագրողների հետ շփման, վարքի մասին լռելն ավելի բովանդակալից է, քան դրանք մեջբերելը։

Իշխանական պատգամավորները լրագրողներին «մարմնավաճառ» են անվանում։ ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովսեփյանը ևս լրագրողի և օպերատորի հարվածեց ու այդպես շարունակ։ Եռաբլուրում լրագրողներին շղթայել էին, որ Փաշինյանին անհարմար հարցեր չտան, ինչպես նաև զոհվածների ծնողներին քարշ տալով և բռնություն գործադրելով հեռացնեն իրենց որդիների շիրիմներից։ Դժվար է հիշել ինչ-որ բողոքի գործողություն, որից լրագրող կամ օպերատոր չտուժի։ Եվ այս ամենը տեղի է ունենում մի քաղաքական ուժի կառավարման ժամանակ, ով ժողովրդավարությունը հռչակել է, որպես բրենդ։

Իսկ այս դեպքերի ժամանակ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն ու իր ղեկավարած կառույցը որտե՞ղ էին, ինչո՞ւ չխոսեցին, չարձանագրեցին, չդատապարտեցին։ Ինչո՞ւ հանկարծ հենց այս մեկ ոստիկանանի մասով արագ արձագանքեցին։ Այս ոստիկանն իրականում արդեն շատ էր աչքի ընկնում, ինչեպս նաև մի քանի գործով հենց նրան են մատնացույց անում, սակայն չեն կարող համակարգին ցույց տալ, որ թիմակիցներին ըստ անհրաժեշտության զոհում են։ Ուստի հիմա համակարգի ներսում կտարածեն, որ աղմուկը մեծ էր, այլընտրանք չկար և այլն։ Այդպես մյուսները կշարունակեն նույն ջանասիրությամբ իրեց կյանքի, ապրելու, աշխատանք ու պետություն ունենալու համար զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ առանձնակի դաժան լինելու ջանասիրություն դրսևորել։

Իսկ ոստիկանին աշխատանքից հեռացնելով ո՛չ հասարակությունում, ո՛չ համարկարգում ոչինչ չի փոխվի։ Ոստիկանը քրեորեն պատժելի արարք է գործել, սակայն կա՛մ վարույթ չի նապաձեռնվի կա՛մ էլ կկարճվի մինչ դատարան հասնելը։ Արդյուքնում կտեսնենք, որ ՄԻՊ-ը հետևողական չի լինի, որպեսզի ոստիկանը ենթարկվի քրեական պատասխանատվություն։ Իսկ այդ օրակարգն արագ դուրս կթողնեն մեդիադաշտից, որ ոչ մեկը նույնիսկ չհարցնի, թե ի՞նչ եղավ այդ վարույթը։

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան