«Ախմատ» հատուկ ջոկատի հրամանատար Ապտի Ալաուդինովը կոչ է անում սկսել լայնածավալ մոբիլիզացիա Ռուսաստանում՝ հայտարարելով, որ աշխարհում արդեն մեկնարկել է Երրորդ համաշխարհային պատերազմը։ Նրա խոսքով՝ երկրի անվտանգության համար անհրաժեշտ է հավաքագրել առնվազն 500 հազար, իսկ իդեալում՝ մինչև մեկ միլիոն զինվոր։
Ալաուդինովը իր Telegram ալիքում հրապարակած տեսաուղերձում արձագանքել է Իսրայելի հարվածներին Իրանի վրա՝ նշելով, որ Ռուսաստանը պետք է պատրաստ լինի ուժով պաշտպանել իր շահերը, որպեսզի ոչ մի երկիր չփորձի նրա հետ վարվել այնպես, ինչպես Իրանին։ Նա նաև կոչ է արել ռուսներին համախմբվել բոլոր մակարդակներում։
Նրա համոզմամբ՝ ապագա պատերազմներում գոյատևելու են միայն այն պետությունները, որոնք ունեն ուժեղ իշխանություն և տնտեսություն։ Ալաուդինովն ավելի վաղ հայտնել էր, որ ուկրաինացի գերիներից շատերն արդեն դիմել են ռուսական քաղաքացիություն ստանալու համար։