ԱՄՆ-ում հունիսի 9-ին ուժի մեջ է մտել 12 երկրի քաղաքացիների՝ երկիր մուտքի լիակատար արգելքը և ևս յոթ պետությունների քաղաքացիների համար մասնակի արգելքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ն:
Լիակատար արգելք է սահմանվել 12 երկրի քաղաքացիների նկատմամբ՝ Իրանի, Աֆղանստանի, Մյանմայի, Չադի, Կոնգոյի Հանրապետության, Հասարակածային Գվինեայի, Էրիտրեայի, Հայիթիի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի և Եմենի։
Մասնակի արգելք է սահմանվել Բուրունդիի, Կուբայի, Լաոսի, Սիեռա Լեոնի, Տոգոյի, Թուրքմենստանի և Վենեսուելայի քաղաքացիների համար։ Նրանց չեն տրվի հյուրի և ուսանողական այցագրեր։ Ընդ որում, պահպանվում են, օրինակ, աշխատանքի նպատակով կամ ամերիկացի ազգականների հետ վերամիավորման համար այցագրերը։
Սահմանափակումներում բացառություններ են նախատեսված այն անձանց համար, որոնք ունեն ԱՄՆ-ում կեցության վկայագիր («գրին քարտ»), երկքաղաքացիություն ունեցողների համար, որոնք ունեն արգելքի ոչ ենթակա երկրի անձնագիր կամ «ԱՄՆ-ի քաղաքացիների ընտանիքների որոշակի անդամների» համար։
Սպիտակ տան կայքում թվարկված են այն պատճառները, որոնց համար վարչակազմը սահմանել է արգելքը։ Դրանց թվում են առանձին երկրներում «ստուգումների ոչ համազոր ընթացակարգերը», քաղաքացիների շրջանում այցագրերի ժամկետի ուշացման բարձր մակարդակը, տեղեկատվության փոխանակման հարցում ոչ բավարար համագործակցությունը, «ահաբեկիչների զգալի ներկայությունը կամ պետության կողմից հովանավորվող ահաբեկչությունը», ինչպես նաև ցուցակում ընդգրկված առանձին երկրների կողմից ԱՄՆ-ից արտաքսված իրենց քաղաքացիներին հետ ընդունելու մերժումը։
Իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում Դոնալդ Թրամփը նման արգելք էր սահմանել Կուբայի, Չադի, Իրանի, Լիբիայի, ԿԺԴՀ-ի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի, Վենեսուելայի և Եմենի քաղաքացիների նկատմամբ։ Այս միջոցառումը չեղարկվել էր նրան հաջորդող նախագահ Ջո Բայդենի կողմից։ Այս անգամ Հյուսիսային Կորեան և Սիրիան չեն ներառվել ո՛չ լիակատար, ո՛չ էլ մասնակի արգելքի ենթարկված երկրների ցանկում։
Թրամփի խոսքով՝ նման միջոցառումը «չափազանց հաջող» է եղել նրա առաջին ժամկետի ընթացքում և կանխել է ահաբեկչություններն ԱՄՆ-ում։
«Մենք կվերականգնենք մուտքի արգելքը և թույլ չենք տա արմատական իսլամական ահաբեկիչների մուտքը մեր երկիր», - հայտարարել է Թրամփը։