Foto

Պատերազմի սկսումից ի վեր Ռուսաստանը ածխաջրածինների արտահանումից 3 անգամ ավելի շատ է գումար վաստակել, քան Ուկրաինան՝ օգնություն իր դաշնակիցներից. BBC

Ուկրաինայի դեմ պատերազմ սանձազերծելուց ի վեր Ռուսաստանը ածխաջրածինների արտահանումից 3 անգամ ավելի շատ գումար է վաստակել, քան Ուկրաինան՝ օգնություն իր դաշնակիցներից։

Նման տվյալներ է բերում BBC-ն։

Ռուսաստանի Դաշնությունը վաստակել է ավելի քան 883 միլիարդ եվրո։ Մասնավորապես, Մոսկվան պատժամիջոցներ սահմանած երկրներից ստացել է 228 միլիարդ եվրո, այդ թվում՝ 209 միլիարդը ԵՄ-ից։ Ուկրաինան ստացել է 309 միլիարդ եվրո օգնություն, որից 73 միլիարդը՝ ԵՄ-ից։

Միաժամանակ Եվրամիությունը դարձել է ռուսական ածխաջրածինների երկրորդ խոշոր գնորդը Չինաստանից հետո (վերջինս Ռուսաստանին վճարել է 252 մլրդ եվրո)։ Ռուսական նավթի մի մասը վերամշակվում է երրորդ երկրներում, օրինակ՝ Թուրքիայում և Հնդկաստանում, այնուհետև վերաարտահանվում արևմտյան երկրներ։

Այսպիսով, Մոսկվան շարունակում է ֆինանսավորել իր լայնածավալ ներխուժումը Ուկրաինա, այդ թվում՝ ածխաջրածինների արտահանումից ստացված եկամուտների միջոցով։

Նշենք որ նավթն ու գազը ապահովում են Ռուսաստանի բյուջեի եկամուտների գրեթե մեկ երրորդը և արտահանման ավելի քան 60%-ը։