Foto

Փաշինյանին ստիպում են գնալ «վա բանկ»

Նիկոլ Փաշինյանը նորից ակնարկում է Սահմանադրության փոփոխության մասին:
Նկատեք, որ մինչև հիմա Սահմանադրական հնարավոր փոփոխությունները, որոնք ակնհայտ ադրբեջանական պատվերի շրջանակներում են, ներկայացվում էր բացառապես որպես ներհայաստանյան գործընթաց, իբր՝ «իրական Հայաստան», «Արագածը մեր լեռն ա», «գտնել Ցեղասպանության զոհերի հասցեներն ու կոշիկի ռազմերները» և այլն: Բայց որքան մոտենում ենք 2026 թվականի ընտրական փուլին, այնքան խաղաքարտերը բացվում են:
Իսկ ի՞նչ կապ ունի «խաղաղության պայմանագիրը» ՀՀ սահմանադրության հետ: Ի վերջո, յուրաքանչյուր պայմանագիր կարող է չեղարկվել, որոշակի հանգամանքներում անտեսվել, խախտվել կամ թարմացվել, հատկապես՝ Ադրբեջանի պարագայում: Ի՞նչ է՝ ամեն անգամ պետք է Սահմանադրությո՞ւնը փոխվի: Բա էլ ինչու ենք սահմանել, որ բոլոր միջազգային պայմանագրերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Թե՞ Փաշինյանի համար Սահմանադրությունն իր Երրորդ մասի բնակարանի պատերն են, որի վրա ով ինչ ուզի՝ կխզբզի:
Մեկ այլ նկատառում ևս. մինչև հիմա հայտարարվում էր, թե սահմանադրական փոփոխությունները պատրաստ կլինեն 10 ամսից, դրա վերաբերյալ հանրաքվեն կարող է լինել 2027 թվականին, էլի մի քանի պատրվակ՝ միայն թե դրանք հետաձգվեն, միայն թե երաշխիքներ ստանան Ադրբեջանից և Թուրքիայից, որ կաջակցեն 2026 թվականի ընտրություններում իր իշխանության վերարտադրմանը: Բայց հիմա հակառակն է լինում: Փաշինյանի քաղաքական հովանավորներ Ալիևն ու Էրդողանը հրաժարվում են երաշխիք տալ և այլ ուղղակի ստիպում են գնալ «վա բանկ»՝ փոխել Սահմանադրությունը, իսկ հետո թող լինի՝ ինչ կլինի:
Փոփոխել Սահմանադրությունը միայն այն բանի համար, որ համապատասխանի Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» դրույթներին, նույնն է, թե ականջները կտրի, քանի որ ակնոցները ցավացնում են:

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան