Կաննի կինոփառատոնի կազմակերպիչներն արգելել են աստղերին չափազանց բաց զգեստներ կրել, որպեսզի ներկաները կիսամերկ հյուրերի ուղղությամբ շեղվելու և նրանց ուսումնասիրելու փոխարեն, կենտրոնանան փառատոնի մշակութային հատվածի՝ ֆիլմերի վրա:
Ինչպես գրում է Daily Mail-ը, վերջին տարիներին աստղերը գնալով ավելի հաճախ են Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին ներկայանում չափազանց բաց ու համարձակ հագուստներով՝ ի ցույց դնելով բարեմասնություններն ու դրանով մեծ ուշադրություն գրավելով:
Մայիսի 13-ին մեկնարկող 78-րդ կինոփառատոնի կազմակերպիչները հայտարարել են, որ դրա արդյունքում իրենք ստիպված են եղել նոր դրես-կոդի կանոններ մտցնել։ Արգելքը խախտած հայտնիներին թույլ չեն տա անցնել կարմիր գորգով:
«Պարկեշտության նկատառումներից ելնելով, կարմիր գորգի վրա, ինչպես նաև փառատոնի ցանկացած այլ վայրում մերկությունն արգելված է: Փառատոնի դիմավորող թիմերը պարտավոր կլինեն արգելել կարմիր գորգով անցնել բոլոր նրանց, ովքեր չեն հարգում այս կանոնները»,- ասվում է Կաննի փառատոնի կազմակերպիչների պատրաստած փաստաթղթում։
Աղբյուրը՝ Tert.am