Եվրամիությունը մտադիր է սահմանափակել ռուսական 25 նավթային տանկերների տեղաշարժը՝ արգելելով նրանց մուտքը Բալթիկ և Հյուսիսային ծովեր: Այս մասին հայտնում է EUobserver պորտալը։ Այդ նավերը կարող են ճանաչվել ռուսական ստվերային նավատորմի մաս, որը Եվրահանձնաժողովի կարծիքով օգտագործվում է արևմտյան նավթային էմբարգոն շրջանցելու համար
Պարբերականի կողմից ձեռք բերված գաղտնազերծված փաստաթղթի համաձայն՝ խնդրո առարկա միջոցները պատժամիջոցային նոր փաթեթի մաս են կազմում։ Դրանում թվարկված են 149 նավ, որոնք կասկածվում են նավթ տեղափոխելու մեջ՝ շրջանցելով պատժամիջոցները: Դրանցից մոտ 25-ը գտնվում են եվրոպական ծովերում և, ինչպես նշում են Եվրահանձնաժողովի փորձագետները, վտանգներ են ներկայացնում շրջակա միջավայրի և ենթակառուցվածքների համար:
Ավելի վաղ Ֆրանսիան պատրաստել էր Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 17-րդ փաթեթի կեսը։ Նոր սահմանափակումները կազդեն «ստվերային նավատորմի» և երկակի նշանակության ապրանքների մատակարարների վրա։ Ինչպես նշել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն, եթե Մոսկվան հրաժարվի 30-օրյա հրադադարից, ԵՄ-ն կարող է նաև խստացնել միջոցները նավթային և ֆինանսական հատվածներում։