Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Նա ցավակցություն է հայտնել իր իրանցի գործընկերոջը Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ, իսկ Փեզեշքիանն իր հերթին շնորհակալություն հայտնել Պուտինին աղետի հետևանքները վերացնելու հարցում ցուցաբերած աջակցության համար։
Ղեկավարները քննարկել են Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի հիման վրա համագործակցության զարգացման հարցերը, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համատեղ նախագծերը, ինչպես նաև Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանի միջնորդությամբ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների առաջընթացը։
«Հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ նպաստելու այս երկխոսության առաջխաղացմանը՝ միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված արդար համաձայնության հասնելու նպատակով», - ասվում է Կրեմլի հայտարարության մեջ։
Աղբյուրը՝ tert.am